Զորահավաքին չմասնակցած քաղաքացիները պետական աջակցության ծրագրերից չեն օգտվելու։ Այս մասին նախօրեին հրավիրված խորհրդակցության ժամանակ հայտարարել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Համապատասխան ցուցակները պաշտպանության նախարարության կողմից տրամադրվում են , մասմագետների կողմից ստուգվում են, և եթե քաղաքացիներն ընդգրկված են նշված ցուցակներում, ապա զրկվում են պետական աջակցությունից”,֊ հավելել է նախագահ Հարությունյանը։
ԱՀ նախագահն անդրադարձել է նաև հայրենիքի պաշտպանությունից խուսափած պաշտոնյաներին և նրանց զավակներին. կառավարությունը չի գտնում, որ նրանց հետագա պաշտոնավարումը նպատակահարմար է։
«Պաշտոնյաները պետք է ազատվեն պաշտոններից։ Միայն Մարտունու շրջանում է, որ կատարել են պարտավորությունները , երբևէ չեմ լսել բողոքներ այն մասին, թե մարդիկ այլ շրջաններում ազատվել են աշխատանքից փախուստի կամ դասալքության պատճառով։ Ես հանձնարարել ԱԱԾ-ին հետևել , դպրոցի տնօրենների, մանկապարտեզների ղեկավարների,գլխավոր բժիշկների, նրանց ընտանիքների անդամների վերաբերյալ կատարել ճշտումներ, թե ինչով էին զբաղված, որտեղ էին գտնվում տվյալ պաշտոնյաները պատերազմի ընթացքում և ինչքանով է նպատակահարմար նրանց հետագա պաշտոնավարումը», – ընդգծել է Արցախի նախագահը։
«Մշակման փուլում են գտնվում արդեն 36 հազարից ավել դիմումներ, և 1500 վարկերի մասով տրվել է ընթացք։ Նաև միաժամանակ շարունակվում է դիմումների ընդունման գործընթացը և արդեն ակտիվ կերպով իրականացվելու է դիմումների մշակման գործընթացը»,- նշել է Արցախի ներդրումային հիմնադրամի տնօրենի տեղակալ Մհեր Մխիթարյանը և հավելել, որ քաղաքացիները հաղորդագրությունների միջոցով ստանալու են ծանուցում իրենց վարկերի ընթացքավորման վերաբերյալ։ Պետական հանձնաժողովում մտահոգված են կորսված անասնագլխաքանակի և այլ նյութական միջոցների մասով։