«Փաստ» օրաթերթը գրում է
Ի՞նչ է պաթոլոգիկ սուտը: Ըստ գիտական ձևակերպման, սուտ ինֆորմացիա հաղորդելու, ֆանտաստիկ պատմություններ ստեղծելու պաթոլոգիկ հակում։ Սովորաբար առաջանում է, երբ անհատը ցանկանում է ուշադրություն սևեռել իր անձի վրա, այլ կերպ ասած, ցանկանում է ցույց տալ սեփական անձի կարևորությունը։ Պաթոլոգիկ ստախոսները կարող են գիտակցել, որ ստում են, և կարող են հավատալ այն ամենին, ինչն ասում են իբրև ճշմարտություն։
Հայաստանում հազիվ թե գտնվի մեկը, ով կարդալով այս տողերը՝ առաջինը մտքին Նիկոլ Փաշինյանը չգա: Այս անձնավորությունը ժամանակի ընթացքում այնքան է ստել, որ ինքն էլ է սկսել հավատալ իր ստերին: Իսկ այս օրերին նա ստում է 24-ժամյա ռեժիմով, ստում է անընդհատ, պաթոսով, ստի հանդեպ մեծագույն նվիրումով: Իհարկե, մեր հանրության մեծագույն մասը այլևս նրա ոչ մի բառին չի հավատում, առավել ևս, որ նրա բառապաշարը գնալով այնպիսին է դառնում, որ լրատվամիջոցներով մեջբերելի չէ: Սակայն, հանուն արդարության պետք է նշել, որ նրան հավատացողներ դեռ կան, ու այդ մարդկանց կարելի է բաժանել երեք խմբի. առաջին խմբում իր փոքրաթիվ թիմակիցներն են, որոնք, հնարավոր է, չեն էլ հավատում, բայց ստիպված են ոչ միայն ցույց տալ, թե հավատում են, այլև տիրաժավորել այդ ստերն ու դրանք առավել ճոխացնել, քանի որ անձնապես կորցնելիք ունեն:
Երկրորդ խմբում նրանք են, որոնք չեն ուզում ընդունել, որ 2018 թվականին սխալվել են, ու հիմա իրենք իրենց համոզում են նորից հավատալ: Վերջապես երրորդ խումբն այն մարդիկ են, որոնք ունակ չեն լուրջ, վերլուծական խոսք լսել, ճշմարտություն լսել, առավել ևս՝ ընկալել ու մարսել: Նրանց հետաքրքիր են միայն պոպուլիզմը, սենսացիան, նիկոլական ճղճղոցները, սպառնալիքներն ու հայհոյանքները: Այս երեք խմբի անդամները իրարից շատ տարբեր են, բայց ունեն երկու նմանություն. նախ՝ նրանք ուզում են խաբված լինել, քանզի այդպես հեշտ է, երկրորդ՝ նրանց համար չկան հայրենիք, երկիր, պետություն հասկացություններ, կարևորը սեփական գրպանի 1000 դրամն է (հարաբերականորեն ասած) և անձնական շահը: Մնացածի վրա թքած: Սակայն հետաքրքիր է, որ ստերի այս հեղեղի մեջ Նիկոլը երբեմն ճիշտ բաներ է ասում: Ապշեցի՞ք: Իզուր: Հիմա ամեն ինչ փաստերով: Տեսեք, նա ասում է, որ կադրային ջարդ լինելու է: