Ընդհանրապես այն պահից, երբ մամուլի ազատությունն սկսեցին սանդղակներով չափել, ոչ միայն մամուլի ազատության խնդիրն էր բարձրաձայնվում, այլև ուշադրություն էր հրավիրվում տվյալ երկրի իշխանությունների հանդուրժողականության, զարգացվածության, ազատ խոսքը հարգելու մակարդակին: Մամուլի ազատության տեսանկյունից արդեն որերորդ անգամ Հայաստանը անբարենպաստ դիրքերում է. մի փոքր առաջ է Ադրբեջանից, Ռուսաստանից, Թուրքիայից ու դեռ շարունակում է նույնքան էլ զիջել Վրաստանին:
Այս դաշտում նույնպես երկրի մրցունակությունը բարձրացնելու կամք և գործողություններ են պահանջվում:
Այսօր Մամուլի ազատության օրն է: Մեր լրատվամիջոցները կարողանում են հաճելիորեն զարմացնել իրենց խիզախ ու համարձակ պահվածքով, պաշտոնյաներին նեղը գցելու ձևավորված պրակտիկայով, միմյանց քննադատելու մասնագիտական ընդունելի զսպվածությամբ և երկրի համար ամենակարևոր պահերին տոկուն անքնության հաշվին իրազեկելու պատրաստակամությամբ:
Շնորհավորում եմ մամուլը կերտողներին, ամեն օր այն ավելի հետաքրքիր, գրավիչ դարձնողներին, ինչպես նաև տոտալ թմբիրից մասնագիտորեն խուսանավելու մեծ փորձ ունեցող մամուլի աշխատակիցներին: Դուք դեռ շարունակում եք ապացուցել, որ լրատվության յուրաքանչյուր միջոց, հատկապես տպագիր մամուլն անհրաժեշտություն է, մրցունակ է և կարևոր: Ձեր պրոֆեսիոնալիզմի արդյունքում է երևում, որ համացանցի ակտիվ օգտատերերը դեռ մամուլ չեն և տարբեր պատասխանատվության ոլորտներում եք: Շնորհակալություն ձեր ջանքերի, ձեր դերը կարևորելու և ընտրության հնարավորության համար…
Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի շնորհավորանքը Մամուլի ազատության օրվա առթիվ