Նիկոլ Փաշինյանը՝ կանգ չառնելով ոչնչի առաջ, փորձում է մարդկանց հասցնել հոգեխանգարմունքի՝ նրանց մեջ արթնացնելով բոլոր այն բնազդները, որոնք անհրաժեշտ են քաղաքացիական բախումների, արյան հեղման համար։
Նիկոլ Փաշինյանը ամեն օր գեներացնում է այդ արյունը, որն ամեն պահի նրա դրդրմամբ կարող է թափվել Հայաստանում։ Ընդ որում, Նիկոլ Փաշինյանին պետք է հենց քաղաքացիական արյուն, երևի այն պատճառով, որ նա շատ է սիրում ամեն ինչի հատկապես քաղաքացիականը։ Նա, ըստ ամենայնի, պլանավորում է սադրել հենց քաղաքացիական բախումներ, որոնց երկու կողմում կլինեն ոչ թե քաղաքացիներն ու ուժայինները, այլ քաղաքացիներն ու քաղաքացիները։ Եվ բացառված չէ, որ նա նախատեսում է ոչ թե հետընտրական, այլ նախընտրական արյունահեղություն, որը կարող է կանխել ընտրություններում իր պարտությունը։
Այն, ինչով այս օրերին զբաղված է Նիկոլ Փաշինյանը, իրավական պետությունում կկանխվեր ժամերի ընթացքում՝ քրեական օրենսգրքի բազամաթիվ հոդվածների ու նաև պաշտոնի հետ առողջական խնդիրների անհամատեղելիության կիրառմամբ։ Բայց քանի որ Հայաստանը ոչ միայն իրավական պետություն չէ, այլ լայն իմաստով պետություն չէ ընդհանրապես, Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր արնարշավը՝ հանրապետության բոլոր բնակավայրերում պատրաստելով մարդկանց խմբեր, որոնք մատի մի շարժումով կարող են նետվել «գլուխներ կտրելու», ինչպես Նիկոլ Փաշինյանի ժպտադեմ համաձայնությամբ կոչ էր անում նրա նվիրյալ քաղաքացիներից մեկը, կամ «շինելու», ինչպես քաղաքացիների սիրուց արբած խոստանում էր ինքը՝ Նիկոլ Փաշինյանը։
Հայաստանն ապրում է և դեռ մեկ շաբաթից ավելի ապրելու է մթնոլորտում, որում քաղաքացիական բախումների համար բավարար է աննշան մի կայծը, որն իր ամեն հանդիպման ընթացքում բոցավառում է Նիկոլ Փաշինյանը։ Թշնամու հետ պատերազմում պարտված այս անձը պատերազմ է հայտարարել սեփական քաղաքացիների դեմ, որովհետև ինչպես 44-օրյա պատերազմում, այնպես էլ հիմա նրա համար, ամենայնից վեր, կարևոր է իշխանությունը։
