Այսօր՝ հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 18:00-ի սահմաններում Nissan Elgrand մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 59-րդ կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել նոր կառուցվող ճանապարհին տեղադրված բետոնե արգելապատնեշներին, մի քանի պտույտ գլորվելով, մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում:
Վթարի հետևանքով 2 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ օպերատիվորեն վթարի վայր ժամանած Թալինի հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն:
Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանն ու նույն վաշտի 1-ին դասակի հրամանատար Հրանտ Գալստյանը:
Այս պահին վթարի վայրում ուժեղացված ծառայություն են կատարում նույն դասակի տեսուչներ Ռոմիկ Նազարեթյանն ու Գևորգ Եղիազարյանը: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Թալինի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Նարեկ Ներսիսյանն ու անչափահասների գործերով բաժանմունքի տեսուչ Գևորգ Սարգսյանը:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Անուշավան Աղաջանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը: