Քաղաքացիների կողմից երկաթուղային գծանցների արգելափակման պատճառով «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հետ համաձայնեցմամբ, ժամանակավորապես դադարեցնում է բեռնափոխադրումների և ներհանրապետական ուղևորափոխադրումների իրականացումը՝ մինչև արգելափակումների վերացումը:
Նախարարության և «ՀԿԵ» ՓԲԸ-ի համար առաջնահերթ է քաղաքացիների, ուղևորների և բեռների անվտանգությունը, որը անհնար է լիովին երաշխավորել ստեղծված պայմաններում՝ հաշվի առնելով գծերի արգելափակումներն ու միջամտությունը երկաթուղային տրանսպորտի աշխատանքին:
Գնացքների շարժը կասեցված է նաև երկաթուղային գծերն արգելափակած քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար, քանի որ հնարավոր վտանգի դեպքում երկաթուղային տրանսպորտը չի կարող անհապաղ կանգնել. մարդատար էլեկտրագնացքի արգելակման ուղին կազմում է 800, իսկ բեռնատարինը՝ մոտ 1000 մետր:
Կոչ ենք անում չխոչընդոտե՛լ Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող երկաթուղային տրանսպորտի բնականոն աշխատանքը և պահպանել անվտանգության կանոնները:
Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք ուղևորների և բեռնափոխադրողների ներողամտությունը: