Այսօր առավոտից փակվել են Հայաստանի մի շարք ավտոճանապարհներ: Այս ամենի հետևանքով անհնարին է դարձել որոշ երթուղիներով կանոնավոր ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների կազմակերպումը: Դրանից բացի, երբեմն գրեթե անհաղթահարելի խոչընդոտների հետևանքով քաղաքացիները չեն կարողանում ժամանակին հասնել «Զվարթնոց» օդանավակայան և ուշանում են նախատեսված չվերթներից:
Ստեղծված իրավիճակն ունի բացասական հետևանքներ ինչպես անհատապես քաղաքացիների, այնպես էլ երկրի տնտեսության մի շարք ճյուղերի բնականոն գործունեության համար:
Ճանապարհային երթևեկության անխափան ընթացքը և անվտանգությունն ապահովելու նպատակով՝ նախարարությունը հորդորում է ձեռնպահ մնալ ավտոճանապարհներին երթևեկության արհեստական խոչընդոտներ ստեղծելուց: