Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին հայտնել է, որ կուսակցությունը հրաժարվում է Շուշիում դպրոց կառուցելու ծրագրից։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բահչելին ծրագրից հրաժարվելու մասին հայտնել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարած գրառմամբ։
Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության կողմից Շուշիում դպրոց կառուցելու մտադրության մասին հայտնի էր դարձել 2021 թվականի հունվարի 26-ին։ Փետրվարի 1-ին Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել՝ լրջագույն մտահոգության հայտնելով ծայրահեղ աջ ազգայնական «Թուրքական ազգայնական շարժում» կուսակցության և դրան հարող ծայրահեղական նեոֆաշիստական «Գորշ գայլեր» կազմակերպության մտադրությունների առնչությամբ՝ որոշ նախագծեր իրականացնելու Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում, մասնավորապես՝ Շուշի քաղաքում: Արցախի ԱԳՆ հայտարարության մեջ նշված էր, որ պանթուրքիզմի և նեոֆաշիզմի գաղափարախոսություն քարոզող և ահաբեկչությունը որպես նպատակների իրականացման հիմնական միջոց օգտագործող արտաքին ուժերի ցանկացած ձևով ներկայությունը Արցախի օկուպացված տարածքներում ծայրաստիճան մեծ վտանգ է ներկայացնում ոչ միայն Արցախի Հանրապետության, այլև տարածաշրջանային և համաշխարհային անվտանգության համար: