00:00:00

Արցախում աճել է հանրային վտանգավորությամբ ՃՏՊ-ների և տուժածների թիվը

17:16, 29 մայիս 2021 Պատահարներ

Արցախում այս տարվա առաջին չորս ամիսներին գրանցվել է ճանապարհատրանսպորտային պատահարի 82 դեպք, ինչի հետևանքով  տարբեր աստիճանի մարմնական վնասվածք է ստացել 111 անձ, մահացել` 5-ը: Այս մասին տեղեկացնում են Արցախի գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: Ըստ Արցախի դատախազության իրականացրած ուսումնասիրության՝ նախորդ չորս ամիսների ընթացքում ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժողների թվում 45-ը տրանսպորտային միջոցների վարորդներն են, 60-ը` ուղևորները, 11-ը` հետիոտները: «Ինչպես նկատելի է ներկայացված վիճակագրությունից` որպես կանոն առավել հաճախ տուժում են  ուղևորները և վարորդները»,-նշում է դատախազությունը՝ հավելելով, որ ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքերին առնչվել է ընդհանուր 115 վարորդ: Ճանապարհատրանսպորտային պատահարներում ներգրավված է եղել 107 մարդատար և 9 բեռնատար մեքենա: Ուսումնասիրված ժամանակահատվածում արձանագրվել է միջին ծանրության ու ծանր մարմնական վնասվածք պատճառած կամ մահվան հանգեցրած ճանապարհատրանսպորտային 28 դեպք (2020թ. նույն ժամանակահատվածում` 25), որի հետևանքով մահացել է  5 (2020թ. նույն ժամանակահատվածում` 2), վիրավորվել՝ 28 անձ (2020թ. նույն ժամանակահատվածում` 25): «Ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանք հիմնականում տեղի են ունեցել վարորդի կողմից անսթափ վիճակում վարելու, արագությունը գերազանցելու, տրանսպորտային միջոցներն անսարք վարելու հետևանքով»,-հայտնում են Արցախի դատախազությունից՝ եզրահանգելով, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ արձանագրվել է հանրային վտանգավորություն ներկայացնող ճանապարհատրանսպորտային պատահարների և դրանից տուժած անձանց թվի աճ, ինչը դատախազությունը  խիստ մտահոգիչ է համարում: Արցախի դատախազությունը ճանապարհային երթևեկության բոլոր մասնակիցներին կոչ է անում առավելագույն  զգոնությամբ հետևել ճանապարհային երթևեկության կանոններին և խստագույնս պահպանել դրանք: Անհրաժեշտ է ցուցաբերել հանրային բարձր գիտակցություն և պատասխանատվության զգացում ու բարձրացնել ճանապարհային երթևեկության անվտանգության պահպանման կարգապահությունը, հակառակ պարագայում նման դեպքերի առնչությամբ պետության պատժողական քաղաքականությունը ենթակա կլինի վերանայման հօգուտ խստացման:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր