Բյուրեղավանցի Հրաչ Խաչատրյանը մեկն է այն հինգ զինծառայողներից, որոնք ողջ մնացին պատերազմի երրորդ օրը Հադրութում որոտացած տանկի հարվածից։
18-ամյա Հրաչը բանակ էր զորակոչվել նախորդ տարվա ամռանը, սկզբում ծառայության անցել Մարտունի 2-ում, ապա մեկ ամիս անց տեղափոխվել Հադրութի զորամաս․ վարորդ էր։
Առաջնագծում լարվածության մասին զինծառայողն իմացել է պատերազմից երկու օր առաջ․ հրամանատարական անձնակազմը զորամասին զգուշացրել է զգոն լինել և անցնել ավելի խիստ մարտական պատրաստվածության․
«Ամսի 27-ին, ժամը 07։03-ի կողմերն էր, գնում էինք ճաշարան, ճամփին կրակոցների ձեն լսեցինք, մեզ թվաց՝ կրակայինում պատրաստածություն են անցնում։ Հետո հասկացանք՝ Հադրութի տների վրա են կրակում ու էդ պահին մեր ճաշարանը ռմբակոծեցին, արագ վազելով մտանք շենքերի նկուղները, հետո պայթեցրին ավտոպարկի բենզալցակայանը․․․պատերազմը սկսվեց»,- Forrights-ի հետ զրույցում վերհիշում է զինծառայողը։

«Դիտակետի մոտ զգում էինք, որ մեզ արդեն ֆիքսել են։ Առաջին հարվածը խփեցին, հրամանատարիս՝ Ղազարյան Դավիթի ոտքերը վերևից կտրվեց՝ տեղում զոհվեց, ընկերոջս վիզը պոկվեց, մյուս ընկերոջս ոտքն էլ թաթից առանձնացավ, ես էլ ծանր վիրավորվեցի՝ ձեռքս ու ոտքերս կտրվեցին, դաստակս հազիվ ձեռքով պահեցի, որ մաշկիցս կպոկվի․․․Հրամանատարիս ամեն ինչով պարտական եմ, անգամ վիրավոր վիճակում ամեն ինչ անում էր, որ փրկվեինք, մինչև վերջ իր գործը պատվով արեց, ափսոս՝ գնաց»։


