00:00:00

Ես չեմ տեսնում ձեզ գերագույն գլխավոր հրամանատարի դերում. Շարմազանովը՝ Փաշինյանին

20:17, 01 մայիս 2018

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Ազգային ժողովի հատուկ նիստում ահնդես եկավ վարչապետի թեկնածուի վերաբերյալ ելույթով: «Այսօր շատ կարեւոր օր է թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի եւ թե՛ մեր ժողովրդի կյանքում: Ազգային ժողովը պետք է ընտրի վարչապետ: Վարչապետ, որը ոչ միայն գործադիրի ղեկավար է, այլ դե ֆակտո գլխավոր հրամանատար, պետության առաջնորդ եւ Ղարաբաղյան հիմնահարցում գլխավոր բանակցող: Բայց մինչ այդ մի քանի խոսքով անդրադառնամ ներքաղաքական իրավիճակին»,-ասաց նա, ապա շարունակեց. «Այո, այսօր Հայաստանի Հանրապետությունում նոր իրողություններ են եւ նոր իրավիճակ: Չեմ ժտում: Միեւնույն ժամանակ հարկ եմ համարում նշել, որ այս օրերի ընթացքում իշխանությունը ցուցաբերել է բացառիկ հանդուրժողականություն, զսպվածություն եւ հասարակությունը «մերոնքների» ու «ձերոնքների» չբաժանելու գործելաոճ: Անկախ նրանից դուք դա ընդունում եք թե ոչ, դա այդպես է: Պատմությունն ամեն ինչ եւ ամեն մեկիս կդնի իր տեղը: Մենք չենք գնացել մերժողական ճանապարհով, պատրաստ ենք եղել ու պատրաստ ենք երկխոսության, բայց ոչ երբեք վերջնագրերի: Հայաստանում ժողովրդավարական արժեքներն այլընտրանք չպետք է ունենան: Դեմոկրատիան մրցակցություն է, որը բաց է մասնակցության համար, եւ մենք բոլորս պարտավոր ենք հարգել բազմակարծությունը եւ ինձ համար անընդունելի է որեւէ ճնշման միջոցով փորձել ազդել որեւէ պատգամավորի ազատ կամարտահայտության վրա: Պրեսսինգն անթույլատրելի է: Մենք այստեղ բոլորս հանրության ընտրյալներն ենք, ու մեր խղճի մտոք կընտրենք վարչապետին կողմ կամ դեմ քվեարկությամբ: Վարչապետի մասով: Այսօր մենք ընտրում ենք ոչ թե համաժողովրդական տրիբուն կամ լավ հռետոր, այլ գործադիրի ղեկավար, որը նախեւառաջ պետք է աչքի ընկնի քաղաքական քայլերի կանխատեսելիությամբ եւ քաղաքական հստակ գաղափարախոսությամբ: Կանխատեսելի նշանակում է հայեցակարգային հարցերում լինել հետևողական և անփոփոխ: Ով է լինելու ձեր ընտրվելու պարագայում առաջն փոխվարչապետը, մյուսները, ԱԱԾ պետը, նախարարները, ո՞վ, պատասխան չկա... Ընդամենը մի քանի ամիս առաջ դուք եւ «Ելք» խմբակցությունը պահանջում էիք իշխանություններից դուրս գալ ԵԱՏՄ-ից: Այսօր ասում եք՝ իրողություն է փոխվել: Կներեք, երբ մենք էինք խոսում իրողությունների փոփոխության մասին, դուք մեզ մեղադրում էիք ստախոսության մեջ: Կարծում եմ՝ առնվազն արդար չէ: Արցախյան հիմնահարցում դուք որեւէ հայեցակարգ չեք ներկյացնում՝ ինչպե՞ս եք տեսնում հանգուցալուծումը, այդ 7 շրջաններն ազատագրվա՞ծ են, թե՞ օկուպացված, դուք բացառում եք դրանց հանձնումը, թե՞ ոչ եւ առհասարակ որեւէ բանակցություն դրա վերաբերյալ, ինչպես եք բանակցելու և այլն: Ասում եք՝ ռազմական բյուջեն կավելացնեք, ինչպե՞ս, ես այդ հարցի պատասպանը չստացա: Գաղափարախոսության պահով: Անհնար է լինել մի քիչ սոցիալիստ, մի քիչ պահպանողական, մի քիչ լիբերալ: Քաղաքական գործիչը պետք է ունենա հստակ գաղափարախոսություն: Այդպես է քաղաքակիրթ աշխարհում՝ Վաշինգտոնից մինչեւ Բեռլին ու Մոսկվա: Ես հույս ունեի լսել վարչապետի թեկնածուի հայեցակարգային ելույթ, բայց ականատես եղա ժողովրդի ականջը շոյող ոչ ծրագրային ելույթի: Մենք եւս մտահոգ ենք մեր հայրենիքում առկա խնդիրներով: Մենք չենք ժխտում, որ մեր երկրում եղել է ու կա կոռուպցիա ու անարդարություն եւ անկախ նրանից, թե ով կլինի վաղվա իշխանությունը, մենք պետք է ոչ թե անորոշության, այլ քաղաքական երկխոսության միջոցով լուծենք այդ խնդիրները, ոչ թե խոսենք վերջնագրերով: Իմ գնահատականները բացառապես քաղաքական են, եւ այստեղ չկա որեւէ անձնական վերաբերմունք: Պարոն Փաշինյան, ինչպես երեկ, այնպես էլ այսօր, դուք ինձ չհամոզեցիք: Ես չեմ տեսնում ձեզ գերագույն գլխավոր հրամանատարի դերում: Ինչպես ապրիլի 17-ին, այնպես էլ հիմա խոսքս ուզում եմ ավարտել նույն խոսքերով՝ եթե ոմանց պետք են ուժեղ ցնցումներ, ապա մեզ պետք է ուժեղ, միասնական, ազգային ու ժողովրդավարական Հայաստան: Աստված պահպանի մեր հայ ժողովրդին ու ՀՀ բոլոր քաղաքացիներին: Շնորհակալություն ուշադրության համար»,-եզրափակեց Շարմազանովը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր