Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ հակաթուրքական տրամադրությունները Վաշինգտոնում շարունակում են տեղ գտնել բոլոր հարթություններում թե գիտահետազոտական կենտրոններում, թե պետական ապարատում և Թուրքիային պատժելու հեռանկար բնականաբար կա։ «Չմոռանանք, որ ցեղասպանության վերաբերյալ բանաձևերի ընդունումից հետո էլ նաև ընդունվեցին բանաձևեր Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ։ Սա ընդհանուր իրավիճակն է ներկայացնում, նաև հաշվի առնենք, որ Միացյալ Նահանգների ու Թուրքիայի հարաբերությունները շատ վատ վիճակում են՝ պատմականորեն կարելի է ասել ամենածանր վիճակում են և սրանք բնականաբար խնդրահարույց են և չեն դառնալու առավել պրոբլեմատիկ ցեղասպանության ճանաչման պատճառով, այլ առանց այդ էլ խնդրահարույց են։ Չմոռանանք Բայդենի խոստման մասին, որ նա տվել է իր քաղաքացիներին, այսինքն Միացյալ Նահանգների հայերին։ Սա կարևոր է հիշել և նաև կարևոր է հիշել, որ Բայդենի թիմում կան շատ քաղաքական գործիչներ, ովքեր որ գործադրում են ճնշումներ ադմինիստրացիայի վրա, որպեսզի ցեղապսանություն եզրույթը ապրիլի 24-յան ուղերձում կիրառվի։ Միակ բանը, որ կարող է խանգարել Բայդենի Ցեղասպանության ճանաչման համար, դա հնարավոր հաշտեցումն է կամ հաշտեցման իմիտիացիան է, որը կարող է ձեռնարկվել Թուրքիայի կողմից»,-նշում է Սարգսյանը։
Միջազգայնագետը նկատում է, որ Թուրքիան ամեն տարի ապրիլի 24-ին ընդառաջ ընդգծված փափուկ վերաբերմունք է դրսևորում ՀՀ իշխանությունների նկատմամբ և քանի որ ներկա իշխանությունները չունեն արտաքին քաղաքական ոլորտում փորձ, գիտելիքներ, հմտություններ, կարողություններ և ունակություններ։ «Բնականաբար Թուրքիայի կողմից թելադրվող այս խաղում իրենք կարող են ներքաշված լինել ու արդյունքում մենք մեր շանսը բաց կթողնենք Ցեղասպանության ճանաչման, որովհետև որևէ վարչակազմ երբեք այսքան մոտ չի եղել Ցեղասպանության ճանաչմանը, որքան այս վարչակազմը»,-եզրափակեց Սուրեն Սարգսյանը։