Կալիֆոռնիայում կինը, որը սպառնացել է պայթեցնել կաթոլիկ նախապատրաստական դպրոցը՝ միասեռականների հարսանիքների մասին հայտարարությունների հրապարակման համար, ուրբաթ օրը դատապարտվել է մոտ մեկուկես տարվա ազատազրկման, հաղորդում է Associated Press-ը:
Սան Ջասինտոյի բնակիչ, 36-ամյա Սոնյա Թաբիզադան դատապարտվել է մի ժամկետի, որն արդեն անցկացրել է կալանքի տակ այն բանի համար, որ 2019 թվականի մայիսին զանգահարել է Վաշինգտոնում գտնվող Ջորջթաունի նախապատրաստական դպրոց, վկայում են դատական արձանագությունները:
Թաբիզադան հունվարի 4-ին մեղավոր է ճանաչվել կրոնական համոզմունքներին խոչընդոտելու մեջ, մինչդեռ պայթեցման սպառնալիք փոխանցելու համար երկրորդ քրեական մեղադրանքը մերժվել է:
Կաթոլիկ աղջիկների համար երկրի ամենահին դպրոցներից մեկը՝ Visiting Prep-ը, հայտարարել է, որ շրջանավարտների համար իր ամսագրում կսկսի միասեռականների հարսանիքների հայտարարություններ հրապարակել, որպեսզի առաջ տանի այն ուսմունքը, թե «մենք բոլորս Աստծո զավակներ ենք... արժանի հարգանքի եւ սիրո»,- ասվում է ԱՄՆ արդարադատության նախարարության հայտարարության մեջ:
Ըստ այդ հայտարարության՝ Թաբիզադան իմացել է որոշման մասին եւ ձայնային հաղորդագրություն է թողել, որով սպառնացել է այրել եւ պայթեցնել հաստատությունը:
«Թաբիզադան նաեւ հայտարարել է, որ պատրաստվում է սպանել դպրոցի ղեկավարությանը եւ աշակերտներին»,- ասվում է հայտարարության մեջ: Մի քանի րոպե անց նա թողել է երկրորդ ձայնային հաղորդագրությունը, որում հայտարարել է, որ պատրաստվում է պայթեցնել դպրոցը եւ զգուշացրել է, որ ինքը «ահաբեկչություն» կկատարի:
Նա դատապարտվել է 15 ամիս 13 օրվա ազատազրկման` «կրոնական համոզմունքների ազատ իրականացմանը միտումնավոր խոչընդոտելու համար»: