Ամերիկյան 43 սենատորներ, որոնցից շատերը դեմ էին Իրանի հետ 2015-ի միջուկային գործարքին, դիմել են նախագահ Ջո Բայդենին՝ կոչ անելով աշխատել միջազգային համաձայնագրի վրա, որն անդրադառնում է Թեհրանի միջուկային ծրագրից դուրս գտնվող հարցերին, փոխանցում է Reuters-ը։՝
«Դեմոկրատներն ու հանրապետականները կարող են մարտավարական տարաձայնություններ ունենալ, բայց մենք միասնական ենք, որպեսզի կանխենք իրանական միջուկային զենքը եւ լուծենք իրանական վարքագծի հետ կապված հարցերի լայն շրջանակը»,- գրել են սենատորները Բայդենին ուղղված նամակում:
Նամակը պատրաստել են դեմոկրատ սենատոր Բոբ Մենենդեսը եւ հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը:
Դրանում նշվում է, որ միջուկային զենքով Իրանը լուրջ վտանգ է ներկայացնում ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների ու գործընկերների անվտանգության համար, ինչպես նաեւ նշվում է, որ Իրանը «սպառնալիք է ներկայացնում զենքի արտահանմամբ, աջակցելով զինյալներին, որոնք թիրախավորում են ամերիկյան զորքերին, ինչպես նաեւ իր բալիստիկ եւ թեւավոր հրթիռներիով»:
Նամակում կրկին նշվում է միջուկային համաձայնագրի հակառակորդների կողմից տարիներ առաջ բերված փաստարկը, որ Իրանի հետ ցանկացած բանակցություն պետք է լուծի խնդիրների լայն շրջանակ:
Մենենդեսը, ով այժմ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն է, այն դեմոկրատների շարքում էր, ովքեր դեմ էին դուրս եկել նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին եւ միացել էին Կոնգրեսի գրեթե բոլոր հանրապետականներին՝ հանդես գալով միջուկային գործարքի դեմ, որին Իսրայելը նույնպես կտրականապես դեմ էր: