00:00:00

Պուտինը չի գլխավորի «Միացյալ Ռուսաստան»-ի ցուցակը Պետդումայի ընտրություններում. «Կոմերսանտ»

13:53, 23 մարտ 2021 Աշխարհ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ամենայն հավանականությամբ, չի գլխավորի «Միացյալ Ռուսաստան» կուսակցության ցուցակը Պետդումայի 2021 թվականի  ընտրություններում, ինչպես որ կանխատեսում էին շատ քաղաքագետներ ու վերլուծաբաններ: Այս մասին «Կոմերսանտ»-ին ասել է նախագահի աշխատակազմին մոտ կանգնած 3 աղբյուր, ինչպես նաև զրուցակից՝ նախագահի աշխատակազմից: Նրանց խոսքով` վերջնական որոշումը նախագահն է կայացնելու, բայց այժմ նախագահի աշխատակազմի ներքաղաքական բլոկը ելնում է այլ սցենարից: «Կոմերսանտ»-ի աղբյուրներից մեկը բացատրում է, որ նախագահի մասնակցությունը ընտրություններին փաստացիորեն ի չիք կդարձնի 2018-ի նախագահական ընտրություններում Կրեմլի բարձր ձեռքբերումները (Վլադիմիր Պուտինի օգտին ձայների 76,7%-ը) և 2020 թ. Սահմանադրության պլեբիսցիտը (փոփոխությունների օգտին 77,9%-ը): Երկու դեպքում էլ նախագահի աշխատակազմի ներքաղաքական բլոկը ձգտում էր, որ նախագահին աջակցեն ընտրողների կեսից ավելին, բայց «Միացյալ Ռուսաստան»-ի համար խնդրահարույց կլինի նույն արդյունքին հասնելը: «Եթե Պուտինը գլխավորի ցուցակը, կուսակցության արդյունքը կմեկնաբանվի որպես նրա անձնական արդյունք»,-հավելել է աշխատակազմին մոտ կանգնած աղբյուրը: Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի վերջին տվյալների համաձայն՝ հարցվածների 28,7%-ն է պատրաստ քվեարկել «Միացյալ Ռուսաստան»-ի օգտին: Փետրվարին, Դումայի խմբակցությունների ղեկավարների հետ նախագահի հանդիպումից առաջ, մի շարք համացանցային հարթակներ հաղորդում էին, որ «Միացյալ Ռուսաստան»-ի ղեկավարությունը մտադիր է Վլադիմիր Պուտինին խնդրել գլխավորել  ցուցակը ընտրություններում, բայց կուսակցության ներկայացուցիչները դա կեղծ լուր են անվանել: Կուսակցությունը կարծում է, որ իր վարկանիշը կայունացել է և չի ակնկալում դրա հետագա անկում: Նախագահի աշխատակազմում «Կոմերսանտ»-ի աղբյուրը կարծում է, որ «Միացյալ Ռուսաստան»-ը պետք է ընտրություններից առաջ բարձրացնի իր վարկանիշը, բայց դրա համար անհրաժեշտ է «որսալ էմոցիան»: Միևնույն ժամանակ, «Միացյալ Ռուսաստան»-ում ասում են, որ Վլադիմիր Պուտինի գլխավորման հետ կապված սցենարը չպետք է բացառվի, բայց միևնույն ժամանակ չպետք է խոսվի վերջնական որոշման մասին: Կուսակցության ղեկավարությանը մոտ կանգնած աղբյուրը նշում է, որ նման որոշում սովորաբար կայացվում է վերջին պահին: Հիշեցնենք, որ Պուտինը գլխավորում էր «Միացյալ Ռուսաստանի»-ի ցուցակը 2007-ին՝ Կրեմլից ժամանակավորապես հեռանալու նախաշեմին: Այս դեպքում նրա անձնական մասնակցությունը կրում էր նշանակություն, որն անցնում էր ընտրությունների բուն սահմաններից, բացատրում է աղբյուրը. «Նա պետք է ցույց տար, որ չնայած նախագահական պաշտոնից առաջիկայում հեռանալուն ՝ ինքը շարունակում է մնալ երկրի գլխավոր քաղաքական գործիչը». հիմա պարզապես այդպիսի իմաստ չկա, և «Միացյալ Ռուսաստան» կուսակցությունը ինքնուրույն կկարողանա գլուխ հանել»: «Պետք է սպասել նախնական քվեարկության արդյունքներին, հասկանալ կուսակցության թեկնածուների ամբողջ շարքը, ընտրական ծրագրի առաջնահերթությունները, մրցակցային միջավայրը: Այդ ժամանակ «Միացյալ Ռուսաստան»-ը կորոշի ցուցակի առաջատարների հարցը»,- նշել է կուսակցության փորձագիտական խորհրդի համակարգող, Քաղաքացիական հասարակության զարգացման հիմնադրամի ղեկավար Կոնստանտին Կոստինը: «Միացյալ Ռուսաստան»-ի ցուցակի վերին մասի վերաբերյալ որոշում միշտ կայացվում է ելնելով քաղաքական տրամաբանությունից ՝ հաշվի առնելով քաղաքական միջավայրի բոլոր գործոնները, քանի որ «Միացյալ Ռուսաստանը» ցուցակների կազման գործում «շատ ավելի ազատ է», նշել է փորձագետը: «Միացյալ Ռուսաստան»-ից «Կոմերսանտ»-ի զրուցակիցը կարծում է, որ ցուցակում նախագահի ներկայությունը անհրաժեշտ կլինի, եթե ցանկալի արդյունքի հասնելու համար պահանջվի կտրուկ բարելավել դիրքերը: Նախագահականին մոտ կանգնած «Կոմերսանտ»-ի աղբյուրը հակադարձում է, որ այս պարագայում ոչ միայն լուրջ հիմնավորում է անհրաժեշտ, այլև մեղավորների նույնականացում այն բանի համար, որ բանը հասել է նման սցենարի: «Միացյալ Ռուսաստան»-ի ցուցակում Վլադիմիր Պուտինի գլխավորման մեկ այլ հնարավոր պատճառ, ըստ զրուցակցի, կարող է լինել այն, որ  ընտրությունների սցենարը մրցակցայինից  կփոխվի «հանրաքվեականի», երբ իշխանություններին անհրաժեշտ կլինի միասնություն ցուցաբերել: Քաղաքագետ Գլեբ Պավլովսկին ընդգծում է, որ նախագահի համար շատ կարևոր է նոր Դումայի կազմը: Նրա պաշտոնավարման ժամկետը մոտենում է «տարանցման վերջին փուլին», , ուստի Դումայի նոր կազմը պետք է կառավարելի լինի. «Կարևորը վերահսկվող սահմանադրական մեծամասնությունն է, որը կարող է հանկարծ անհրաժեշտ լինել որոշ որոշումներ կայացնելու համար»,-բացատրում է նա: Քաղաքական տեխնոլոգիաների կենտրոնի նախագահ Բորիս Մակարենկոն նշում է, որ դեռ ոչ ոք չի կարող ասել, թե որքանով  կբարելավվի «Միացյալ Ռուսաստան»-ի արդյունքը Վլադիմիր Պուտինի մասնակցության պարագայում: 2007-ին նա ստացել էր 63,7%, բայց այն ժամանակ նրա մեկնարկային վարկանիշն ավելի բարձր էր, հիշում է փորձագետը: Նա կարծում է, որ այժմ Կրեմլի համար ավելի կարևոր է ընտրությունների օրինականությունը, իսկ Դումայի մեծամասնության չափը երկրորդ հարցն է: Միևնույն ժամանակ, Մակարենկոն վստահ է, որ «Միացյալ Ռուսաստանը» մեծ առավելությամբ կզբաղեցնի առաջին տեղը և կհաղթի միամանդատ ընտրատարածքների ճնշող մեծամասնության շրջանում: Միևնույն ժամանակ, փորձագետները չեն կասկածում, որ Վլադիմիր Պուտինը, նույնիսկ առանց ցուցակի առաջին տեղում լինելու, ինչ-որ կերպ կաջակցի «Միացյալ Ռուսաստանին»:  «Չի եղել որևէ քարոզարշավ, որտեղ նա չսատարի: Թե արդյոք դա կլինի անձնական ներկայացուցչություն, մենք դեռ կտեսնենք»,-նշել է Կոնստանտին Կոստինը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր