00:00:00

Կարեն Կարապետյանն ու իր որդին բանակում չեն ծառայել

15:40, 28 ապրիլ 2018

Մայիսի 1-ին Հայաստանի ԱԺ-ի հատուկ նիստում տեղի է ունենալու վարչապետի ընտրություն: Խորհրդարանական 4 խմբակցություններից ԵԼՔ-ը հայտարարել է, որ վարչապետի իրենց թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է: ՀՅԴ-ն երեկ հանդես եկավ հայտարարությամբ, որ սատարելու է վարչապետի ժողովրդի թեկնածուին: «Ծառուկյան» դաշինքից էլ հայտարարեցին, թե իրենց առաջնորդ Գագիկ Ծառուկյանը այսօր հանդես կգա հայտարարությամբ: Ինչ վերաբերում է իշխող մեծամասնությանը՝ ՀՀԿ-ին, ապա նրանք եւս հայտարարել են, որ մինչեւ ապրիլի 30-ը կներկայացնեն վարչապետի իրենց թեկնածուին: Միեւնույն ժամանակ իշխանական լրատվամիջոցներում եւ ՀՀԿ առաջին փոխնախագահ, վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի թիմակիցները իրենց սոցիալական ցանցերում գրառումներ են կատարում այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու, քանի որ չունի դիպլոմ եւ չի ծառայել բանակում: Այն, թե ինչու Նիկոլ Փաշինյանը բուհը չի հասցրել ավարտել, թերեւս հայտնի է բոլորին: Ինչ վերաբերում է Փաշինյանի՝ բանակում չծառայելուն, ապա այս առնչությամբ եւս նա բազմիցս պարզաբանումներ տվել է: «Սոցիալական ցանցերում տեղեկություններ են հրապարակվել ՀՀ Զինված ուժերում իմ չծառայելու վերաբերյալ: Փորձ է արվել տպավորություն ստեղծել, թե ինչ-որ զարտուղի ճանապարհներով խուսափել եմ բանակից: Այդ կապակցությամբ հարկ եմ համարում ընդգծել: 90-ականների սկզբին օրենք էր գործում, որ եթե ընտանիքի երկու արու զավակները ծառայել են բանակում, երրորդը ազատվում է զինվորական ծառայությունից. երկու ավագ եղբայրներս ծառայել էին բանակում (միջնեկ եղբայրս, ի դեպ, պատերազմի ժամանակ նաեւ հրետանավոր է եղել հայ-ադրբեջանական սահմանի Իջեւանի հատվածում) եւ ուրեմն օրենքը կիրառվել էր իմ նկատմամբ: Բացի դա՝ ԵՊՀ ուսանող էի, եւ օգտվում էի նաեւ ուսանողի տարկետման իրավունքից: Հատուկ ուզում եմ ընդգծել, որ 1992 թվականից (դեռ նախազորակոչային տարիքից) զբաղվել եմ ակտիվ լրագրական գործունեությամբ, այդ թվում լուսաբանելով սահմանամերձ շրջաններում, իշխանության միջանցքներում եւ ընդհանրապես Հայաստանում տիրող իրավիճակը: Իմ լրագրական գործունեությունը հասկանալիորեն դուր չէր գալիս իշխանություններին: Եւ ահա, ինձ Երեւանի պետական համալսարանից ապօրինի կերպով հեռացնելը եւ որպես պատիժ՝ ապօրինի բանակ զորակոչելը դարձել էր որոշ բարձրաստիճան պաշտոնյաների նպատակ: Դեռեւս ԵՊՀ ուսանող եղած ժամանակ զինվորական օպերատիվ խմբեր էին այցելում «Լրագիր օր» օրաթերթի խմբագրություն, ինձ հենց խմբագրությունից բերման ենթարկելու համար՝ ի պատասխան իշխանությանը վերաբերվող իմ հրապարակումների: 1995-ի վերջին ինձ ապօրինի հեռացրին համալսարանից ապա եւ  ջանքեր էին գործադրվում՝ Զինապարտության մասին օրենքով ինձ տրված իրավունքը շրջանցելու կամ չեղյալ անելու նպատակով: Սրա համար նույնիսկ բարձրաստիճան պաշտոնյաների մեկ-երկու գիշերային խմբեր են այցելել իմ ծննդավայր Իջեւան, իմ անձնական գործերում օրենքի խախտումներ գտնելու, ապա եւ՝ կազմակերպելու համար: Այս ապօրինությանը դիմակայելը սկզբունքի հարց էր եւ իշխանությունները ստիպված եղան ճանաչել լրագրող լինելու եւ Քաղաքացիական ճակատում ծառայելու իմ իրավունքը: Լրագրողական գրեթե 20-ամյա իմ ծառայության ամենօրյա արդյունքները ՀՀ քաղաքացիների աչքի առաջ է: Դա եղել է ծառայություն՝ հանուն արդարության, օրինականության, ազատության, ժողովրդավարության: Ի դեպ, եւս մեկ տարի 11 ամիս  Հայաստանի Հանրապետությանը «ծառայել եմ» ՀՀ տարբեր քրեակատարողական հիմնարկներում եւ այդ ծառայությանը մեկնել եմ որպես կամավոր:) Ինչ վերաբերվում է ընթացիկ ժամանակներին, հարկ եմ համարում ընդգծել. ինչպես հայտնի է, Քաղաքացիական պայմանագրի անդամ եմ, որին միացած յուրաքանչյուր ոք հռչակել է իր հետեւյալ պարտավորությունը.
  1. բ) Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ լայնածավալ ռազմական հարձակման պարագայում, ըստ անհրաժեշտության, զինվորագրվել Հայրենիքի պաշտպանության գործին, ինչը նշանակում է՝ որպես կամավոր մեկնել ռազմական գործողությունների գոտի կամ զբաղված լինել գործունեության այնպիսի տեսակով, որն ուղղակիորեն ծառայում է Հայաստանի ռազմական հաջողության ապահովմանը:
Ներկայումս էլ ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը, նրա ժողովրդին ու պետականությանը: Օգտվելով առիթից եւս մեկ անգամ շնորհավորում եմ Հայ ժողովրդին, Հայոց բանակի օրվա առիթով», 2014 թվականին  գրել էր  Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանի՝ բանակում չծառայելու հանգամանքը շահարկող Կարապետյանական թիմի անդամները ակնհայտորեն մոռացել, որ իրենց ժիլետով առաջնորդը, ով վարչապետ դառնալու նկրտումներ ունի եւս բանակում չի ծառայել: Կարապետյանի կենսագրությունում որեւէ տող նրա բանակում ծառայելու մասին չկա: Ստեփանակերտում ծնված Կարեն Կարապետյանը բանակ չի գնացել այնպես, ինչպես հետագայում բանակ չի ուղարկել իր որդուն: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր