00:00:00

Խոսրովի անտառի տեսուչը 58-ամյա տղամարդու մահվան կասկածանքով կալանավորվել է

18:14, 19 մարտ 2021 Իրավական

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը «Վեդի» բժշկական կենտրոնից Արարատի ոստիկանություն հայտնել են, որ «սուր գանգուղեղային տրավմա, գանգի հիմի կլինիկական կոտրվածք, գլխուղեղի սալջարդ, գլխի գագաթային շրջանի պատռած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Հիվանդանոց են մեկնել մարզի ոստիկանապետ Կ. Ցուցուլյանը, Արարատի բաժնի պետ Վ. Գրիգորյանը և Վեդիի քննչական բաժնի պետ Ա. Ավետյանը։ Հիվանդանոցում բժիշկները հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չի կատարվածի մասին բացատրություն տալու, և ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ նա Արարատի մարզի Գոռավան գյուղի բնակիչ՝ 58-ամյա Հակոբ Հակոբյանն է։ Արդեն հիվանդանոցում Գոռավան գյուղի բնակիչ՝ 49-ամյա Արմեն Պողոսյանը հայտնել է, որ Հ. Հակոբյանը վնասվածքը ստացել է 1 օր առաջ՝ մարտի 6-ին, ժամը 23։55-ի սահմաններում իրենց գյուղի Գոռ Իշխանի փողոցում վայր ընկնելու հետևանքով։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նյութերի նախապատրաստման ընթացքում Գոռավան գյուղի բնակիչներ Արթուր Դ-ն, Սերոբ Հ-ն, Կառլեն Հ-ն, Արամ Հ-ն, Արմեն Պ-ն, Արտակ Դ-ն և Նարեկ Մ-ն հայտնել են, որ վիրավորը նշված վնասվածքը ստացել է վայր ընկնելու հետևանքով։ Օրեր անց՝ մարտի 14-ին, Հ. Հակոբյանը, հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել է։ Արարատի մարզի ոստիկաններն ու քննիչները, սակայն, օպերատիվ տեղեկություններ են ստանում, որ նշված անձանց հայտնած տեղեկությունները Հ. Հակոբյանի՝ վնասվածք ստանալու մասին արժանահավատ չեն։ Արդեն մարտի 17-ին ոստիկանության Արարատի բաժնում ՀՀ քր.օր-ի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով հարուցվում է քրեական գործ և մարզի ոստիկանություն, քննչական վարչություն ու քննչական բաժին և դատախազություն համագործակցության արդյունքում պարզվում է իրական պատճառը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գոռավան գյուղի նշված փողոցում նույն գյուղի Գ. Նարեկացի փողոցի բնակիչ՝ 29-ամյա Արթուր Դվոյանը վիճաբանության մեջ է մտնում Հ. Հակոբյանի հետ և այդ ժամանակ 2 անգամ բռունցքով հարվածում է վերջինիս դեմքին, որից Հ. Հակոբյանը կորցնում է հավասարակշռությունն ու վայր է ընկնում։ Ընկնելու հետևանքով էլ ստանում է վնասվածք, ինչն էլ հետո դառնում է մահվան պատճառ։ Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերում են Ա. Դվոյանին, այնուհետև Վեդիի քննչական բաժնի քննիչը միջնորդություն է ներկայացնում Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը նրա նկատմամբ երկամսյա կալանքի որոշում կայացնի։ Դատարանը բավարարում է քննիչի միջնորդությունը և Ա. Դվոյանը կալանավորվում և տեղափոխվում է ՀՀ Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կալանավորված Ա. Դվոյանն աշխատում է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության «Խոսրովի անտառ» պետական ոչ-առևտրային կազմակերպությունում՝ որպես տեսուչ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր