00:00:00

«Տաշիր պիցցա» սննդի կետում և «Երևան սիթի» առևտրային կենտրոնում ԱԻՆ-ն ուսումնական վարժանք է իրականացրել

22:43, 27 ապրիլ 2018 Պատահարներ

ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունն ապրիլի 27-ին հատուկ մարտավարական ուսումնավարժություններ էր կազմակերպել «Տաշիր պիցցա» (հասցե՝ Գայի  պողոտա  16/45) արագ սննդի կետում և «Երևան սիթի» առևտրային կենտրոնում (հասցե՝ Բագրատունյաց 5/3)` «Հրդեհի դեպքում կազմակերպության աշխատակիցների և քաղաքացիների տարահանումը» թեմայով: Այս մասին  տեղեկացրին ՀՀ  արտակարգ իրավիճակների  նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Վարժանքի նպատակներն են`  ստուգել տնտեսվարողների անձնակազմի և արձագանքող ուժերի պատրաստվածությունը հրդեհի դեպքում, կատարելագործել անձնակազմի և արձագանքող ուժերի փոխհամագործակցությունը: Համաձայն վարժանքի սցենարի՝ առաջացել է հրդեհ և հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգը չի գործել: Աշխատակիցների կողմից ձեռնարկվել են նախնական հրդեհաշիջման աշխատանքներ, սակայն հրդեհը մարել չի հաջողվել և առաջին հարկը ծխապատվել է, մարդիկ մնացել են ներսում: Վարժանքի մեկնարկից հետո Փրկարար ծառայության ուժերը իրականացրեցին մի շարք օպերատիվ գործողություններ՝ հետախուզում, աշխատակիցների և հաճախորդների տարահանում, փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպում: Ուսումնավարժանքի ընթացքում հայտնաբերվել են որոշակի թերություններ, մասնավորապես՝ հրդեհաշիջման և ազդարարման ինքնաշխատ համակարգերի թերի աշխատանքը, հրդեհաշիջման պարզագույն միջոցների ոչ բավարար քանակը և այլն: ԱԻՆ Փրկարար ծառայության ղեկավար կազմի ներկայացուցիչները քննարկում ունեցան կենտրոնի պատասխանատուների հետ՝ արտակարտգ իրավիճակներում անձնակազմի առաջին գործողությունների շուրջ: Պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագայում կազմակերպել դասընթացներ՝ հրդեհի դեպքում անձնակազմի պատրաստվածությունը բարձրացնելու նպատակով, ինչպես նաև՝ համատեղ ուժերով շտկել առկա թերությունները: Նշենք, որ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը,ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանի հանձնարարությամբ, ակտիվացրել է հրդեհային անվտանգության և տարահանման միջոցառումների իրականացման գործընթացը՝ հայտարարելով «Հակահրդեհային պատրաստվածության մակարդակի բարձրացման փուլ», որի ընթացքում նշված թեմաներով ուսումնավարժություններ կանցկացվեն հյուրանոցային ու ռեստորանային համալիրներում, սննդի կետերում, առևտրի և ժամանցի խոշոր կենտրոններում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր