00:00:00

Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ

Մարտի 12-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ: Երկուստեք բարձր գնահատվել է երկկողմ հարաբերություններում առկա դրական դինամիկան: Վերահաստատվեց փոխադարձ պատրաստակամությունը` գործնական ջանքեր գործադրել քաղաքական երկխոսությունն առավել ակտիվացնելու եւ համագործակցության օրակարգն ընդլայնելու ու հարստացնելու ուղղությամբ: Հեռախոսազրույցի ընթացքում Հայաստանի եւ Ավստրիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նաեւ ՀՀ-ԵՄ գործընկերությանն առնչվող հարցերի եւ ԱԳ առաջիկա միջոցառումների ժամանակացույցի շուրջ: Նախարար Այվազյանն ընդգծեց, որ ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ իրականացումը նոր հնարավորություններ կստեղծի ինչպես ԵՄ, այնպես էլ ԵՄ անդամ երկրների հետ համագործակցության խորացման եւ նոր ուղղությունների ուրվագծման համար։ Տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի համատեքստում նախարար Այվազյանն ավստրիացի իր գործընկերոջը ներկայացրել է թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով Արցախում ստեղծված հումանիտար իրադրությունը, Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների չկատարումը, մասնավորապես՝ ռազմագերիների եւ այլ պահվող անձանց հայրենադարձման մասով: Արցախում հումանիտար իրավիճակի բարելավման առումով ընդգծվել է միջազգային գործընկերների ներգրավվածության անհրաժեշտությունը։ Նախարարներ Այվազյանը եւ Շալենբերգը կարեւորել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում պատմամշակութային ժառանգության եւ պաշտամունքի վայրերի պահպանման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը: Անդրադառնալով ԵԱՀԿ տարածաշրջանում անվտանգության մարտահրավերներին, այդ թվում՝ հակամարտությունների համատեքստում՝ երկուստեք մտահոգություն հայտնվեց զինյալ ահաբեկիչների եւ վարձկանների նեգրավման եւ տեղափոխման վերաբերյալ։ Այս առնչությամբ կարեւորվել է տարածաշրջանային եւ միջազգային կազմակերպություններում համագործակցությունը։ Հայաստանի եւ Ավստրիայի արտաքին քաղաքական գերատեսչութունների ղեկավարները կարեւորել են ԼՂ խաղաղ կարգավորման հարցերի հասցեագրումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր