Երեկ՝ մարտի 8-ին հազարավոր մայրեր այդպես էլ շնորհավորական խոսքեր, ծաղիկներ չստացան իրենց զավակներից, փոխարենն իրենք էին ծաղիկներով ու իրենց որդիների սիրած քաղցրավենիքներով ճանապարհ բռնել Եռաբլուր զինվորական պանթեոն։ Վայր, ուր իրենց մինուճարն է հուղարկավորված։ Եռաբլուրն այլևս դարձել է հազարավոր ընտանիքների ճանապարհների հատման վայր։ Արցախյան երկրորդ պատերազմը, դավաճան կապիտուլանտի անհեռանկարային գործողությունների արդյունքում 18-ամյա քաջորդիները ցավոք տուն չեն դառնա։ Մարտի 8-ն էլ հավերժ սևով է գրվելու նրանց օրացույցում։
Զուգահեռ իրականությունում տարբեր ժամակների իշխանությունների քեֆերին կենացներ ձոնողների, երգողների համար տոն էր։ Նրանք հավես տժժում էին, և հպարտորեն, առանց ամաչելու այդ մասին հայտարարում։ Դրանց թվում էր երգիչ, հաղորդավար և շոումեն Արամ MP3-ը, այո նույն այն Արամը, որը դեռ 2018 թվականի դեկտեմբերի 21-ին հերոսաբար հայտարարել էր, թե զորակոչվում է բանակ։ Կարծես, թե հայրենիքի հանդեպ պարտքը տալու համար պետք էր շնորհակալություն հայտնել Արամին, որ իրեն նեղություն է տալիս ու զորակոչվում է բանակ։ Արամն իհարկե բանակ այդպես էլ չգնաց, փոխարենը օրվա իշխանության ներկայացուցիչներից ոմանց կողմից արժանացավ խրախուսանքի խոսքերի, թե բա տեսաք Արամը Սերժի ժամանակ բանակ չէր գնում, իսկ ահա Նիկոլի թվին՝ պատրաստ է։ Սա իհարկե դասական դարձած արտահայտություն ունի՝ լկտի սուտ էր։
Արամը պարզապես դերի մեջ էր, շոու էր անում։ Այնպես, ինչպես պատերազմի օրերին զարմանալի կերպով լեյտենանտի կոչում և բժշկի մասնագիտություն ունեցող Արամը բանակում չհայտնվեց, այնտեղ շոու անել իհարկե հնարավոր չէր, դրա համար շրջանառվող տեղեկությունների համաձայն իշխանական հովանավորչությամբ մնաց թիկունքում, ավելի ապահով է։
Արամն իհարկե միակը չէ, որի կյանքում պատերազմը բան չի փոխել։ Անշուշտ կյանքը շարունակվում է, և բնավ այն տեսակետին չենք, որ ժամանցի վայրեր չպետք է գնալ, որ ծնունդ կամ հարսանիք չպետք է անել, բայց կյանքը նույն տեմպերով շարունակելիս չպետք է մոռանալ լինել զուսպ, չպետք է մոռանալ, որ կյանքը շարունակվում է, որովհետեւ այնտեղ՝ սահմանին կտրվեց մեկ ուրիշի կյանքի թելը։
Որքան էլ բարձր լինի ձեր տժժալու ընթացքում արձակվող երաժշտության ձայնը, այն ունակ չէ լռեցնելու Եռաբլուրում՝ սեփական մինուճարի շիրիմին արտասվող մոր ձայնը։
Փայլակ Ֆահրադյան