00:00:00

Այվազյանը Հնդկաստանի ԱԳ նախարարին երախտագիտություն է հայտնել հայ ժողովրդի հետ համերաշխության համար

02:50, 20 փետրվար 2021 Արտաքին քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը փետրվարի 19-ին հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրահմանյամ Ջայշանկարի հետ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ գոհունակություն հայտնելով ավանդական բարեկամության և փոխըմբռնման վրա հիմնված հայ-հնդկական հարաբերությունների բարձր մակարդակի առնչությամբ: Երկուստեք պատրաստակամություն է հայտնվել գործնական ջանքեր ձեռնարկել երկկողմ համագործակցությունն ամրապնդելու և ընդլայնելու ուղղությամբ: «ԱԳ նախարարներն ընդգծել են միջազգային կառույցների շրջանակներում Հայաստանի և Հնդկաստանի միջև ձևավորված փոխաջակցությունը և սերտ փոխգործակցությունը: Այս համատեքստում նախարար Այվազյանը  նախարար Ջայշանկարին շնորհավորեց Հնդկաստանի՝ ՄԱԿ անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ ընտրվելու կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ այդ անդամակցությունը կծառայի ի շահ խաղաղության և անվտանգության  համընդհանուր նպատակների առաջմղման»,- ասվում է հաղորդագրության մեջ: ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են նաև, որ նախարարներ Այվազյանը և Ջայշանկարն անդրադարձել են միմյանց տարածաշրջաններում անվտանգության և խաղաղության հարցերի: Երկուստեք ընդգծվել է հակամարտությունների՝ բոլորի շահերը հասցեագրող խաղաղ կարգավորման հրամայականը: Այդ առնչությամբ Արա Այվազյանն երախտագիտություն է հայտնել իր գործընկերոջը՝ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ընթացքում հայ ժողովրդին հայտնած համերաշխության համար: Հայաստանի և Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել նաև COVID-19 համավարակի հաղթահարման և այդ գործընթացում միջազգային համագործակցության շուրջ՝ նշելով, որ համավարակի դեմ պայքարում առաջնահերթ պետք է լինի միասնականությունը։ Այս համատեքստում նախարար Այվազյանը բարձր է գնահատել նախորդ տարեսկզբին COVID-19 համավարակի ընթացքում Հնդկաստանի՝ Հայաստանին ցուցաբերած աջակցությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր