00:00:00

7:30 ձյուն է եկել, 8-ին՝ բողոքել են․ Հակոբ Կարապետյանը՝ ձյան մաքրման աշխատանքների մասին

13:46, 18 փետրվար 2021

Ավտովթարներ ճանապարհներին, խցանումներ և մերկասառույց։ Տեղացած ձյունը հերթական անգամ լուրջ անհարմարություններ է առաջացրել վարորդների և հետիոտների համար։ Սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում բազմաթիվ լուսանկարներ և տեսանյութեր են հրապարակվել ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Քաղաքացիները դժգոհում են, որ քաղաքային իշխանությունները ձնամաքրման աշխատանքները պատշաճ չեն իրականացրել, ինչի արդյունքում էլ երթեւկությունը կաթվածահար է եղել։ Irakanum.am-ի հետ զրույցում, սակայն Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը վստահեցրեց, որ ձյունը մաքրվել է, աշխատանքներն էլ շարունակվում են։ «Դեռ մի քանի շաբաթ առաջ արդեն կանխատեսում կար այսօրվա ձյան հետ կապված և բնականաբար քաղաքի համապատասխան ծառայությունները և Երևանի աղբահանության ու սանիտարական մաքրության հիմնարկը պատրաստված է եղել այսօրվա առավոտվա իրադարձություններին»,- ասաց Կարապետյանը։ Նրա խոսքով՝ մեծ քաղաքներում գոյություն ունեն ձյան մաքրման ստանդարտներ։ «Ձյան մաքրումը արդյունավետ իրականացնելու համար պետք է հետեւյալը․ ձյունը սկսում են մաքրել ձյան տեղումների ավարտից հետո, կամ եթե տեղումները տևական են, յուրաքանչյուր 5 սմ ձյունը նստելուց հետո, և այդ դեպքում մաքրվում են գլխավոր փողոցները, մագիստրակները, խճուղիները երկու- երեք ժամը մեկ պարբերականությամբ, մնացած փողոցները երեքից- հինգ ժամը մեկ պարբերականությամբ»,- ձյան մաքրման ստանդարտները մեկնաբանեց քաղաքապետի խոսնակը։ Միաժամանակ մաքրմանը զուգահեռ փողոցները մշակվում են աղ ու ավազով՝ սառցակալումից խուսափելու համար։ «Քանի, որ մեր մեքենաները բազմաֆունկցիոնալ մեքենաներ են, դրանք և մաքրում են և միաժամանակ աղով ու ավազով մշակում են»,- ասաց Կարապետյանը։ Հակոբ Կարապետյանն ասաց, որ ձյան մաքրման աշխատանքները միշտ այս եղանակով են արել, միայն թե այս անգամվա ձյունն առանձնահատկություն էլ ունի։ «7:30 սկսել է ձյուն տեղալ և արդեն 8-ին, երբ մարդիկ սկսել են աշխատանքի գնալ, արդեն իսկ ունեցել ենք սառցակալած ճանապարհներ, տեղ- տեղ խցանումներ, վթարներ, որոնք ավելի են դժվարացրել իրավիճակը»,- ասաց Կարապետյանը, վստահեցնելով, որ ձյան մաքրման աշխատանքները սկսվել են հենց 7:30-ից, բայց բողոքներ ստացել են 8-ից 8:30-ին։ Դիտարկմանը, թե անհարմար ժամի՞  է եկել փաստորեն ձյունը, Կարապետյանն արձագանքեց, թե ձյունը եկել է այն ժամին, երբ եկել է, ձյունը եկել է իրեն հարմար ժամի, ուղղակի ինքն ասում է այն իրողությունը ինչը որ եղել է։ Քաղաքապետի մամուլի խոսնակը նշեց, որ այս պահի դրությամբ ձյան մաքրման աշխատանքներն էլ իրականացվում են, իրավիճակը նորմալ է։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր