00:00:00

«Ախ, դանգեց». Գյումրիի զինվորական թաղամասում ռուս և հայ տղաների «ռազբորկան» ավարտվել է դանակահարությամբ

03:59, 26 ապրիլ 2018 Պատահարներ

1in.am-ը գրում է․ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Գրիգորյանի նախագահությամբ ավարտվել է անչափահաս՝ 2001 թվականի ապրիլին ծնված Ալադդին Խ.-ի գործի դատական քննությունը:
Դեպքի կատարման պահին՝ 2016 թվականի հոկտեմբերի 16-ին, Ալադդին Խ.-ն 15 տարեկան էր, սովորում էր Գյումրիի ռուսական դպրոցի 9-րդ դասարանում: Ալադդին Խ.-ին մեղադրանք էր առաջադրվել տուժողի՝ անչափահաս Տիգրան Ե.-ի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով: Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի հոկտեմբերի 16-ին, ժամը 18-ն անց 30-ի սահմաններում Ալադդին Խ.-ն ընկերների հետ Գյումրիի ռուսական դպրոցի հետնամասում հանդիպել է Դավիթ Հ.-ին, տուժող Տիգրան Ե.-ին ու վերջիններիս ընկերներին՝ պարզաբանում կատարելու Դավիթին իրենց կողմից ծաղրելու, նրան «բրեկետ» անվանելու հարցով: Անչափահասների միջև «պարզաբանումը» վերաճել է ծեծկռտուքի, որի ժամանակ Տիգրան Ե.-ն իր մոտ եղած մետաղե խողովակով երկու անգամ հարվածել է Ալադդինին, իսկ վերջինս իր մոտ եղած դանակով մեկ անգամ հարվածել է Տիգրանի կրծքավանդակի հետին մակերեսին ու վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառել է ծանր վնաս՝ կրծքավանդակի ձախ կեսի հետին մակերեսի՝ 9-10-րդ կողերի շրջանի ծակած-կտրած, թափանցող վերքի, հեմոթորաքսի ձևով, ինչն ուղեկցվել է պլևրոպուլմոնալ և հեմոռագիկ շոկով: Դատարանում անչափահաս ամբաստանյալ Ալադդին Խ.-ն իրեն մեղավոր է ճանաչել մասնակի, նշել է, որ տուժողի առողջությանը ծանր վնաս պատճառել է ո՛չ դիտավորությամբ: Ալադդին Խ.-ն հայտնել է, որ դեպքի օրը՝ 2016 թվականի հոկտեմբերի 16-ին, ժամը 17-ի սահմաններում դուրս է եկել տանից, ընկերների հետ զբոսնել է Գյումրիի զինվորական թաղամասում գտնվող ռուսական դպրոցի մոտ: Ժամը 18-ի սահմաններում այնտեղ հանդիպել է Դավիթին, Տիգրանին ու էլի մի քանիսին: Իր ընկեր Էդիկը ինչ-որ հարցով խոսել է Դավիթի հետ: Դրանից հետո Դավիթն ու Էդիկը գնացել են դպրոցի հետնամաս: Իրենք ամբողջ խմբով զրուցելով գնացել են նրանց հետևից: Ճանապարհին ինքը Տիգրանի մոտ նկատել է մետաղե խողովակ՝ 25-30 սմ երկարությամբ, «խակի» գույնի: Դպրոցի հետնամասում Դավիթը Էդիկին հարցրել է՝ ինչու է նա իրեն «բրեկետ» անվանել: Նրանք վիճել են, Դավիթը ոտքով խփել է Էդիկի ոտքին: Ինքը մոտեցել, սկսել է բաժանել ու առաջարկել է խաղաղ ճանապարհով խնդիրը լուծել: Դավիթի ընկերներից մեկը ռուսերեն իրեն ասել է. «Դու ո՞վ ես, որ էստեղ ինչ-որ բան ասես»: Այդ պահին ինքը տեսել է՝ ինչպես է Տիգրանը մետաղե խողովակով «թռնում» իր վրա: Ինքը շրջվել է, որ խուսափի հարվածից: Հարվածը դիպել է իր գոտկային մասին: Ինքը ցավ է զգացել, ձեռքը տարել է աջ գոտկատեղին ու այդ պահին է զգացել, որ իր գրպանում դանակ կա՝ այն ինքը գրպանից չէր հանել անցած տարվանից: Ինքը շրջվել ու տեսել է, որ Տիգրանը նորից է ուզում իրեն խփել խողովակով: Ինքը խուսափել է այդ հարվածից: Մի քանի անգամ կարողացել է խուսափել հարվածներից: Բայց Տիգրանն անընդհատ հարձակվում էր: Այդ ժամանակ ինքը գրպանից հանել է ծալովի դանակը, բացել է ու ձեռքում պահած՝ թափահարել է, որ վախեցնի Տիգրանին, նա դադարեցնի իրեն հարվածներ հասցնելը: Ինքն անընդհատ կրկնել է, որ նա իրեն չհարվածի, դիտավորություն չի ունեցել Տիգրանին խփելու, միայն պաշտպանվել է: Բայց Տիգրանն իրեն չի լսել: Դրանից հետո նա մետաղե խողովակով մեկ անգամ հարվածել է իր քունքային շրջանին: Իր աչքերի առաջը սևացել է, ինքը ցավից կռացել է, հետո կանգնել ու տեսել է, որ Տիգրանը նորից է ուզում հարվածել: Ինքը կտրուկ առաջ է գնացել, փաթաթվել է նրան, որ կանխի հետագա հարվածները: Գրկելու ժամանակ Տիգրանը գոռացել է, ինքը հետ է քաշվել ու տեսել է, որ ձեռքի դանակի վրա արյան հետք կա: Հասկացել է, որ դանակով վնասել է Տիգրանին: Արյուն տեսնելով՝ ինքը վախեցել ու վազել է դպրոցի մյուս կողմը: Իր հետևից վազել է ընկերը: Ինքը դանակը դրել է գրպանը: Գնացել է Տիգրանի ուղղությամբ, որ տեսնի՝ ինչ պատահեց: Բայց դեպքի վայրում եղել է Տիգրանի ընկերերից՝ Մինասը: Ինքն ու Մինասը գնացել են Տիգրանի տան մոտ: Տիգրանենց շքամուտք են մտել, տեսել են, որ Տիգրանը նստած է երրորդ հարկի աստիճանների վրա՝ մորը հենված: Տիգրանի մորն ինքն ասել է, որ պատահաբար է վնասել Տիգրանին: Դրանից հետո ինքն օգնել է, որ Տիգրանին իջեցնեն բակ, նրան հիվանդանոց են տարել շտապօգնության մեքենայով: Քանի որ ինքը վատ էր զգում, գլուխը ցավում էր, գնացել է տուն, ծնողներին պատմել է, թե ինչ է արել: Կես ժամ անց իր հետևից եկել են ոստիկանները: Անչափահաս ամբաստանյալ Ալադդին Խ.-ն հայտնել է, թե զղջում է, չի ցանկացել վնաս պատճառել Տիգրանին, պարզապես պաշտպանվել է, ներողություն է խնդրում Տիգրանից ու նրա ծնողներից: Դեպքի ժամանակ Տիգրանի հարվածներից ինքն ուղեղի ցնցում է ստացել, պառկել է զինվորական հոսպիտալում մոտ երկու շաբաթ: Ինքը Տիգրանի առաջին հարվածից հետո հնարավորություն ուներ փախչելու, բայց չի կողմնորոշվել: Ալադդինը նշել է, թե հանցագործության գործիք դանակն ինքը գնել էր Ռուսաստանից՝ «սիրունության համար»՝ որպես հուշանվեր: Հայրը, իմանալով, որ ինքը դանակ է գնել, զայրացել է իր վրա: Տուժող Տիգրան Ե.-ն դատարանում հայտնել է, որ դեպի օրը գնացել է իրենց թաղամասում գտնվող խաղահրապարակ: Հանդիպել է ընկերերին, իմացել է, որ պատրաստվում են հանդիպել Էդիկին, քանի որ վերջինս ծաղրել էր Դավիթին ու անվանել էր «բրեկետ»: Էդիկին ու նրա ընկերներին հանդիպել են ռուսական դպրոցի հետնամասում: Ինքը գնացել է, որ կռիվ չանեն: Հակառակորդ խմբի տղաների հետ ինքը շփում չի ունեցել: Հանդիպման ժամանակ Դավիթը հարցրել է Էդիկին՝ ինչու է իրեն «բրեկետ» անվանել: Էդիկն ասել է, թե նման բան չի եղել: Դավիթը հարվածել է Էդիկին, քաշքշոց է սկսվել: Ինքը սկսել է բաժանել: Այդ ժամանակ էլ գոտկատեղում ուժեղ ցավ է զգացել: Ձեռքը տարել ու տեսել է, որ արյուն է գալիս: Բղավել է՝ «Ախ, դանգեցին», շրջվել ու տեսել է, որ Ալադդինը կանգնած է դանակով: Ընկերն իրեն տուն է տարել, ինքը բղավելով կանչել է մորը: Ասել է, որ դանակով հարվածել են իրեն, շտապօգնությւոն կանչեն: Մուտք է մտել, նստել է երրորդ հարկի աստիճաններին, մինչև եկել է շտապօգնությունը: Տուժող Տիգրանը պնդել է, թե իր ձեռքին մետաղե խողովակ չի եղել: Ինքը չգիտի՝ Ալադդինն ինչու է իրեն խփել, քանի որ ինքը նրա հետ չի վիճել ու չի կռվել: Մանրամասները՝ սկզբնաբյուր կայքում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր