00:00:00

Ռուստամ Բադասյանն ընդունել է Նիդերլանդների դեսպանին

18:26, 20 հունվար 2021 Արտաքին քաղաքականություն

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին: Այս մասին հայտնում են   ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նախարարը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ, կարևորել 2018 թվականին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո երկուստեք հարաբերությունների որակական նոր փուլ մտնելն ու Հայաստանում դեսպանատուն բացելու Նիդերլանդների որոշումը։ Ռուստամ Բադասյանը համոզմունք է հայտնել, որ դեսպանի պաշտոնավարման ընթացքում կիրացվի արդարադատության ոլորտում առկա ներուժը։ Հայաստանի արդարադատության նախարարը նաև բարձր է գնահատել Նիդերլանդների խորհրդարանում վերջերս հավանության արժանացած միջնորդությունները, որոնցով կոչ է արվում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների դեմ՝ Արցախում կատարված ռազմական հանցագործությունների համար: Այս համատեքստում Ռուստամ Բադասյանն ընդգծել է․ «Նիդերլանդները ցույց տվեց, թե ինչպես է իրականում գործում ժողովրդավարությունը, երբ վտանգվում են մարդկային կյանքը, մարդու իրավունքները»։ Դեսպան Սխերմերսը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար, նշել, որ մեծ ուրախությամբ է ստանձնել Հայաստանում դիվանագիտական առաքելություն իրականացնելու առաջարկն ու առանձնացրել այն առաջնահերթությունները, որոնց ուղղությամբ համագործակցելու հեռանկար կա՝ իրավունքի գերակայություն, ժողովրդավարության ամրապնդում։ Նախարար Բադասյանը Նիդերլանդների դեսպանին ներկայացրել է դատաիրավական ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզը, արդեն իսկ գրանցած ձեռքբերումներն ու կարևորել այդ նպատակով միջոցառումներ իրականացնելու համար Եվրամիության կողմից Հայաստանի կառավարությանը հատկացված 9 մլն եվրո աջակցությունը։ Անդրադառնալով 2020 թվականին Նիդերլանդների Թագավորություն կատարած այցին ու դրա արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին՝ նախարար Բադասյանը դրանցից հատկանշական է համարել Եվրաջասթի հետ համագործակցության համաձայնագրի ստորագրման բանակցությունների, ՀՀ ոստիկանության և Եվրապոլի միջև համագործակցության իրավական շրջանակ նախատեսող փաստաթղթի կնքման ուղղությամբ տարվող աշխատանքները։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև պրոբացիայի և քրեակատարողական ոլորտներում համագործակցության խորացման հնարավորությունները։ Կողմերն արդյունավետ փոխգործակցության պայմանավորվածություն են ձեռք բերել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր