00:00:00

Հենրիխ Մխիթարյանն ամանորյա շնորհավորանքով ամփոփել է տարին

18:23, 01 հունվար 2021 Սպորտ

Իտալական «Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ամանորյա ուղերձ է հրապարակել սոցցանցերում: «Covid 19-ը խաթարեց բնականոն կյանքը, այդ թվում՝ սպորտը: Այն ֆուտբոլից խլեց ամենագլխավորը՝ երկրպագուներին: Երբ երկրպագուները չեն կարողանում ստադիոններից հետևել խաղերին, դա ազդում է ֆուտբոլի դիտարժանության վրա: Աշխարհը վերադառնում է բնականոն կյանքի, բայց դեռ կան մարտահրավերներ, որոնց հաղթահարումը կնպաստի մարզիկների բարեկեցությանը: Այս ամենն ազդել է նաև ինձ վրա, քանի որ Իտալիան այն երկրներից է, որն ամենաշատն է տուժել կորոնավիրուսից: Հուսով եմ, որ Իտալիան ամբողջովին կվերականգնվի այս արհավիրքից և դարձյալ իր գեղեցկությունը և տաղանդը կուցուցադրի աշխարհին: Բացի այդ, 2020 թվականը շատ դաժան տարի էր իմ ազգի համար: Միավորված ազգերի կազմակերպությունը կոչ էր անում կանգնեցնել աշխարհի բոլոր պատերազմները, սակայն իմ երկրում պատերազմը շարունակվեց 44 օր: Հազարավոր կորսված կյանքեր, վիրավորներ, անտուն մնացած մարդիկ, գերիներ, միլիոնավոր չիրականացած երազանքներ: Այդուհանդերձ, 2020 թվականն ինձ պարգևեց նաև դրական հույզեր, քանի որ հայր դարձա: Իմ սիրելի Հայաստան, ցանկանում եմ քեզ անվտանգություն և խաղաղություն: Այլևս ոչ մի երիտասարդ չպետք է վտանգի իր կյանքը: Իմ ազգին կոչ եմ անում լինել ամուր, օգտագործել երկրում առկա ներուժը, գիտելիքը և լինել միասնական: Չմոռանանք նաև մոմ վառել մեր անմահ հերոսների հիշատակին: Սիրելի ընկերներ, նոր տարում ձեզ մաղթում եմ սեր, երջանկություն և հաջողություն: Թող երեխաներն ապրեն խաղաղ մոլորակում: Շնորհավոր Նոր Տարի, կհանդիպենք խաղադաշտում: Սիրում եմ ձեզ, ձեր՝ Մխիթարյան (Micki)»,- ասվում է շնորհավորանքում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր