Հայաստանի Հանրապետության հարգարժա՛ն քաղաքացիներ,Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի և սփյուռքի քույրե՛ր և եղբայրնե՛ր,իմ սիրելի՛ սյունեցիներ
2020թ–ը մեր պատմության ամենադաժան տարիներից մեկն էր։
Պատերազմն ու համավարակը մոտ մեկ տասնյակ հազար հայերի կյանք արժեցավ։ Կապիտուլացիայի արդյունքում մեր պետության սահմաններում ևս դաժան կորուստներ ունեցանք։ Մոտ մեկ քառորդով փոքրացավ մեր հայրենիքը։
Ցավակցելով զոհվածների ընտանիքիներին և մեր ողջ ազգին, պիտի կարևորեմ, որ այսօր ոտքի կանգնելու, զորանալու և կամքի ուժ գտնելու պահն է։ Այսօր հանուն մեր տղաների թափած արյան բռունցքվելու օր է, այսօր հայրենիքը փրկելու և գլուխներս բարձրացնելու օր է։
Ճանապարհելով դաժան ու ողբերգական տարին պիտի խոստանանք բոլորս․ մենք անելիքներ ունենք՝ մեր շատ փոքրացած Հայաստանը փրկելու գործում։ Հավատացած եմ, որ 2021թ–ին կշտկենք մեր կռացած մեջքը, ամուր կկանգնենք ոտքի վրա ու կպայքարենք հանուն հայրենիքի, հանուն ապագա սերունդների ու հանուն այն տղաների, որոնց առաջ պատասխան ունենք տալու։
Աստծո օրհնությամբ և ազգի հավաքական ներուժով նոր տարում էլ մենք շարունակելու ենք պայքարը Արցախի Հանրապետության մեր հայրենակիցների ազատ և խաղաղ ապրելու իրավունքի ամրապնդման և ամեն թիզ հողի համար։
Աստված պահապան մեր երկրին, հայրենիքի մեր քաջարի պաշտպաններին և մեր ողջ ժողովրդին:
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյան