00:00:00

Այս մահաբեր իշխանության ամեն օրը խլել է ՀՀ տասնյակ քաղաքացիների կյանքեր. Էդգար Ղազարյան

15:31, 31 դեկտեմբեր 2020 Քաղաքականություն

Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադարձել է 2020 թվականի կորուստներին։ Գրառումը՝ ստորև․ Ավարտվում է 2020 թվականը։ Այն ինձ համար կորուստների տարի էր։ Այդ տարվա ընթացքում ես կորցրեցի ամենաթանկը՝ իմ ՀԱՅՐԵՆԻՔ։ Ապիկար սրիկան, դավաճանաբար թշնամուն հանձնեց ոչ միայն մեր ՀԱՅՐԵՆԻՔԻ հողային տարածքները, այլև հազարավոր երիտասարդ կյանքեր, ժողովրդի արժանապատվությունն ու ապրելու կարողությունը։ Արժեզրկվեց մեր ապրած կյանքը, մեր վաստակած հաջողություններն ու ձեռքբերումները։ Խորտակվեցին մեր երազները, ապրելու հույսն ու կարողությունը։ Տարվա 365 օրերից 290-ը մենք պաշտոնապես անցկացրել ենք արտակարգ կամ ռազմական դրության պայմաններում։ Միայն իշխանությունների մեղքով, ոչ բնական մահով մահացել է ավելի քան 8000 ՀՀ քաղաքացի։ Այս մահաբեր իշխանության ամեն օրը խլել է Հայաստանի տասնյակ քաղաքացիների կյանքեր։ Պատերազմի ողբերգական ընթացքից ի վեր ես չեմ կարողացել որևէ մեկին շնորհավորանքի որևէ խոսք ասել, որևէ առիթով։ Այս վիճակում «շնորհավորել» եզրույթն այլևս կորցրել է իր իմաստն ու նշանակությունը։ Այսուհետ իմ կյանքը տրոհվել է երկու շրջանի՝ մինչև այս պատերազմը և պատերազմից հետո։ Ես ստիպված եմ վերանայել իմ շատ արժեքներ, վերագնահատել մարդկանց և նրանց հանդեպ իմ վերաբերմունքը։ Դեռ 2018 թվականից հայ ժողովուրդը սկիզբ դրեց մի կործանարար արշավի՝ ճակատագրի բերումով պետության քաղաքացի լինելու իր բոլոր իրավունքներն ու իշխանությունը զոհելով մի անդաստիարակ, անկիրթ, բանսարկու, դատարկախոս, չտես, սուտասան, մեծամիտ, փողամոլ, հարբեցող, որկրամոլ, նախանձ, անմիտ, դավաճան արարածի՝ կարգելով դրան իրենց առաջնորդ և ընդունելով նրան իբրև իրենցից լավագույն։ Համընդհանուր կուրությունն ու անզորությունը չկարողացավ հաղթել այդ չարիքին անգամ իրեն կործանման և մահվան ճիրանները նետելուց հետո։ 2020 թվականին ես կորցրեցի ինձ համար ամենաթանկը՝ Հայաստանի Հանրապետությունը և նրա ժողովրդին։ 2021 թվականի հունվարի 1-ից ես ստիպված եմ ապրել նոր կյանքով, դեռևս անհասկանալի և անորոշ։ Բայց այդ Նոր կյանքում ես իմ ուժերի ներածին չափով պիտի պայքարեմ Հայաստանի Հանրապետության վերականգնման համար։ Այս տարի առաջին անգամ մեր ընտանիքում տոնական սեղան չի բացվելու, իմ երեխաների միջավայրը տոնածառն ու զարդարանքները չեն փայլելու, տոնական մաղթանքներ ու շնորհավորանքներ չեն հնչելու։ Խնդրում եմ հարգել մեր զգացմունքները և այս տարի ինձնից չսպասել և ինձ չհղել շնորհավորանքի և ոչ մի խոսք։ Ես այլևս սովորական կյանքով ապրել չեմ կարող։ Ես ապրում եմ խորը հիասթափության և մեծ կորստի ցավով ու դեռ չգիտեմ, թե որքան ժամանակ․․․»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր