00:00:00

Հայ-ամերիկյան տնտեսական հարաբերություններն առաջիկայում ավելի կակտիվանան. Էկոնոմիկայի նախարարը՝ ԱՄՆ դեսպանին

18:39, 15 դեկտեմբեր 2020 Արտաքին քաղաքականություն

Դեկտեմբերի 14-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիին եւ նրա  գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարարության ու ԱԳՆ ներկայացուցիչները։ Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Վահան Քերոբյանը կարեւորել է հայ-ամերիկյան համագործակցությունը, ընդգծել ԱՄՆ կառավարության շարունակական աջակցությունը տնտեսական բարեփոխումների իրականացման գործում։ Էկոնոմիկայի նախարարը համոզմունք է հայտնել, որ հայ-ամերիկյան տնտեսական հարաբերություններն առաջիկայում ավելի կակտիվանան։ Այնուհետեւ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը ներկայացրել է հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության օրակարգը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխգործակցության օրակարգում ընդգրկված հարցերը, հստակեցվել են համագործակցության հաջորդ քայլերը եւ ուղղությունները։ Մասնավորապես՝ կողմերն անդրադարձել են Առեւտրի եւ ներդրումների խորհրդի գործունեությանը եւ հետագա քայլերին։ Կարեւորվել է համագործակցությունը եւ երկխոսությունը հաստատված հետեւյալ ուղղություններով` առեւտուր եւ ներդրումներ, ԱՀԿ (Առեւտրի համաշխարհային կազմակերպություն), TBT (առեւտրի տեխնիկական խոչընդոտներ), SPS (սանիտարական եւ բուսասանիտարական հարցեր), GSP  (արտոնությունների ընդհանրացված համակարգ), առեւտրային դիվանագիտություն, բարձր տեխնոլոգիաներ եւ այլն, ինչպես նաեւ պետական եւ մասնավոր հատվածի ներկայացուցիչների մասնակցությամբ բիզնես հանդիպումների կազմակերպումը։ Քննարկվել են նաեւ հարցեր Հայաստանում վճարային հարթակների հասանելիության (PayPal ծառայություններ),  վենչուրային ֆոնդերի, Հայաստանում կապիտալի շուկայի զարգացման վերաբերյալ։ Մտքեր են փոխանակվել հայ-ամերիկյան տնտեսական կապերի ակտիվացման, երկկողմ տնտեսական համագործակցության, արտաքին առեւտրային հարաբերությունների զարգացման, ներդրումների ներգրավման եւ գործարար միջավայրի բարելավման վերաբերյալ։ Կողմերն անդրադարձել են նաեւ ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող   ծրագրերին՝ մասնավորապես զբոսաշրջության, գյուղական վայրերի տնտեսական զարգացման, շուկայի ազատականացման, գիտության, նորարարական գյուղատնտեսության, գործարարության խթանման ոլորտներում։ Դեսպան Լին Թրեյսին շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար եւ շեշտել, որ պատրաստակամ է գործակցել բոլոր ուղղություններով ու տրամադրել անհրաժեշտ աջակցություն։ Հանդիպման ավարտին կողմերը մեկ անգամ եւս շեշտել են իրենց պատրաստակամությունը շարունակելու գործակցությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր