Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսեյ Սինեգուբովին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:
Վարչապետը կարեւորել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան: Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարել ՄԽ համանախագահության ձեւաչափում բանակցությունների վերականգնումը՝ ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորման նպատակով: Վարչապետը որպես առաջնահերթություն ընդգծել է Արցախի կարգավիճակի հստակեցումը՝ հաշվի առնելով արցախցիների ինքնորոշման իրավունքի իրացման սկզբունքի կարեւորությունը, Արցախի՝ Ադրբեջանի կողմից գրավված տարածքների դեօկուպացիան, արցախահայության՝ սեփական բնակավայրեր անվտանգ վերադարձի համար պայմանների ապահովումը, կրոնական ու մշակութային ժառանգության պահպանումը:
Կառավարության ղեկավարը դատապարտելի է համարել Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների խախտումը, ինչի դրսեւորումն էին արցախա-ադրբեջանական շփման գծում դեկտեմբերի 11-ին եւ 12-ին տեղի ունեցած սադրիչ գործողությունները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են պատերազմից հետո ստեղծված իրավիճակին, բանակցային գործընթացի վերսկսմանը, արցախահայության իրավունքների վերականգնմանը եւ անվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր։