00:00:00

Գեղարքունիքում «09»-ը բախվել է «07»-ին, մահացել է վերջինիս ուղևոր բժիշկը

13:39, 23 ապրիլ 2018 Պատահարներ

1in.am-ը գրում է․ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Յուրիկ Իսկոյանի նախագահությամբ ավարտվել է Գևորգ Ս.-ի գործի դատական քննությունը:
24-ամյա Գևորգ Ս.-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով: Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի նոյեմբերի 29-ին, ժամը 20-ի սահմաններում Գևորգ Ս.-ն իր կողմից օգտագործված «ՎԱԶ-2109» մեքենայով Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղից Վարդենիս քաղաքի ուղղությամբ երթևեկելու ընթացքում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում թույլ է տվել ՃԵԿ պահանջներին հակասող գործողություններ, ճանապարհի տվյալ՝ շրջադարձային հատվածում մեքենան դուրս է բերել հանդիպակաց ուղեմաս և, իրականացնելով ձախակողմյան երթևեկություն, ճանապարհի աջ հատվածում իր մեքենայի առաջամասով բախվել է Վարդենիկ գյուղի բնակիչ Նվեր Մ.-ի վարած՝ «ՎԱԶ-2107» մեքենայի առաջամասին, ինչի հետևանքով վերջինիս ուղևոր Կոմիտաս Զաքարյանը մահացել է: Տուժող Կոմիտաս Զաքարյանը բժիշկ էր, հիշյալ մեքենայով նրան տանում էին Վարդենիկ գյուղ՝ նրա հիվանդի մոտ: Բժիշկը գնում էր կյանք փրկելու, բայց ինքն է ճանապարհին մահացել… Ամբաստանյալ Գևորգ Ս.-ն իրեն մեղավոր է ճանաչել և ցուցմունք է տվել, որ դեպքի օրը հոր անունով հաշվառված մեքենայով գնում էր Արծվանիստ գյուղ: Երբ հասել է Ծովինար գյուղի վարչական տարածքում գտնվող շրջադարձին, նկատել է, որ Վարդենիս քաղաքի կողմից իր ուղեմասով իր ուղղությամբ ընթանում է մի սպիտակ մեքենա, որի լույսերը կուրացրել են իրեն: Ինքը մեքենան թեքել է դեպի ձախ՝ Սևանա լճի կողմ ու զգացել է, որ բախվեց սպիտակ մեքենային: Ըստ Գևորգ Ս.-ի՝ ճանապարհի այդ հատվածում մեքենան վարել է 60 կմ/ժ արագությամբ, մոտակա լույսերով: Շրջադարձը կիսով չափ անցել ու նկատել է հեռահար լույսերով, իր ուղեմասով իրեն հանդիպակաց ընթացող սպիտակ մեքենան: Ինքը հեռահար ու մոտակա լույսերով ազդանշան է տվել, որ իրեն հանդիպակաց ընթացող մեքենայի վարորդը հեռահար լույսերը փոխի մոտակայի, բայց նա չի փոխել: Այդ մեքենան նորից մտել է իր ուղեմաս, իր մեքենան էլ հայտնվել է հանդիպակաց ուղեմասում, որտեղ մեքենաները բախվել են: Ինքն անմիջապես իջել է մեքենայից ու տեսել է, որ իր մեքենային բախված մեքենայի վարորդը 45-50 տարեկան տղամարդ է: «ՎԱԶ-2107»-ի վարորդ, գործով վկա Նվեր Մ.-ն հայտնել է, որ դեպքի օրը իր կողմից օգտագործվող մեքենայով իր համագյուղացի Հենզելի խնդրանքով գնացել է Վարդենիս՝ բժիշկ Կոմիտաս Զաքարյանին իրենց համագյուղացի Պարգևի տուն տանելու նպատակով: Իրենց հետ է եղել նաև Պարգևի թոռ Աշոտը: Բժշկին նստեցրել է մեքենա ու Վարդենիսից իրենց գյուղ վերադառնալիս մեքենան վարել է 50-60 կմ/ժ արագությամբ: Հասնելով Ծովինար գյուղի վարչական տարածքում գտնվող ձախ շրջադարձին, նկատել է, որ ինչ-որ մեքենա լույսերը միացրած՝ երթևեկում է իր ուղեմասով՝ իրեն հանդիպակաց: Եվ այդ մեքենան տեսնելուց 1-2 վայրկյան անց իր ուղեմասում այդ մեքենան բախվել է իր մեքենային: Վթարից հետո ինքը դուրս է եկել մեքենայից, ցանկացել են բժշկին օգնություն ցույց տալ, բայց մեքենայի դուռը չեն կարողացել բացել, զանգել են շտապօգնություն: Մեքենայի դուռը բացել են հրշեջները… Վթարի պահին «ՎԱԶ-2107»-ում գտնվող, գործող վկա Հենզել Գ.-ն հայտնել է, որ բժիշկ Զաքարյանին իրենց գյուղ տանելիս բժիշկը նստած էր վարորդի կողքի նստատեղին: Ծովինար գյուղի շրջադարձում բժիշկ Զաքարյանն ասել է. «Բռնվեք, խփեց»: Այդ պահին տեղի է ունեցել մեքենաների բախումը: Դեպքից հետո ցանկացել են բժշկին օգնություն ցույց տալ, բայց տեսել են, որ նա մահացել է: Պատահարի պատճառով իր քիթը կոտրվել էր… Վկա Գայանե Օ.-ն հայտնել է, որ Կոմիտաս Զաքարյանը եղել է իր հորը բուժող բժիշկը: Նրան հաճախ են իրենց տուն կանչել՝ հորը բուժօգնություն ցուցաբերելու: Վերջին անգամ 2016 թվականի նոյեմբերի 29-ին ինքը զանգել է բժշկին, ասել է, որ հայրը լավ չի զգում, խնդրել է, որ նա գա իրենց տուն: Բժիշկն ասել է, թե ժամը 16-ից հետո ազատ է, կարող են մեքենայով գնալ իր հետևից: Այդ ժամանակ իրենց տանն էր համագյուղացի Հենզել Գ.-ն, ինքը խնդրել է, որ նա մեքենա գտնի, գնան Վարդենիս՝ բժիշկ Զաքարյանին իրենց տուն բերելու: Հենզելը զանգել է իր բարեկամ Նվերին, վերջինս եկել է, Հենզելն ու Աշոտը Նվերի մեքենայով գնացել են Վարդենիս: Դրանից հետո՝ ժամը 19-ն անց 30-ի սահմաններում, իրեն զանգել ու ասել են, թե 15 րոպեից տեղ կհասնեն: Քիչ անց զանգել ու ասել են, որ վթարի են ենթարկվել, ու բժիշկ Կոմիտաս Զաքարյանը մահացել է… Դատարանը հաստատված է գնահատել հենց Գևորգ Ս.-ի մեղավորությունը ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով: Գևորգ Ս.-ն դատապարտվել է 2 տարի ազատազրկման՝ 1 տարով զրկվելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից: Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր