00:00:00

ՀՀ ԱԻՆ աշխատակիցները հրդեհային անվտանգության թերություններ են հայտնաբերել «Երևան սիթի» և «Հայ-բելառուսական առևտրի տուն» կենտրոններում

23:46, 21 ապրիլ 2018 Պատահարներ

Ապրիլի 20-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության կազմակերպմամբ «Հրդեհի դեպքում կազմակերպության աշխատակիցների տարահանումը» թեմայով հատուկ մարտավարական ուսումնավարժություններ են իրականացվել «Հայ-բելառուսական առևտրի տանը» և Օհանովի 21 հասցեում գտնվող «Երևան սիթի» առևտրի կենտրոնում: «Հայ-բելառուսական առևտրի տանը» իրականացված վարժանքին՝ որպես դիտորդ, հետևում էին Գերմանական կարմիր խաչի Բադեն Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության (ԳԿԽԲՎԵԿ) երկրամասային դպրոցի դոցենտ-փորձագետ, ԳԿԽԲՎԵԿ համագործակցության պատասխանատու Վոլֆգանգ Շմիդտը և Շտուտգարտի ահազանգման կենտրոնի վերապատրաստումների բաժնի ղեկավար, կարգավար-օպերատոր Ռայ Կոլանգեն։ ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով՝ իրականացվող բազմաթիվ վարժանքների նպատակն է. •ստուգել առևտրի կենտրոնի անձնակազմի պատրաստվածությունը հրդեհի դեպքում, մինչև արձագանքող ուժերի ներկայանալը, •ստուգել արձագանքող ուժերի պատրաստվածությունը՝ հրդեհաշիջման, փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելիս, •կատարելագործել առևտրի տան անձնակազմի և արձագանքող ուժերի փոխհամագործակցությունը: Համաձայն վարժանքի սցենարի՝ հրդեհի առաջացման դեպքում առևտրի տների աշխատակիցները պետք է կարողանան իրականացնել հրդեհաշիջման աշխատանքներ մինչև հրշեջ-փրկարարական ջոկատների ժամանումը՝ օգտագործելով օբյեկտներում առկա հակահրդեհային համակարգը: Հրշեջ-փրկարարների ժամանման պահին հրդեհը շարունակում է տարածվել, տարածքը ծխապատվում է, և ծխապատ գոտում կան մարդիկ: Ուսումնավարժությանը ներգրավված ԱԻՆ փրկարար ծառայության ուժերը իրականացրեցին մի շարք օպերատիվ գործողություններ՝ հրդեհի հայտնաբերում, աշխատակիցների և հաճախորդների ազդարարում, տարահանման փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպում, ահազանգում, ուժերի և միջոցների ներգրավվում, օպերատիվ փաստաթղթերի ուսումնասիրում, հրդեհի վայրի հետախուզության անցկացում, իրավիճակի գնահատում, կարգադրություններ հրդեհաշիջման գործողությունների մասին և այլն: Իրականացվել են նաև հրդեհաշիջման և ծխապատ գոտուց հաճախորդների և աշխատողների տարահանման աշխատանքներ: Ուսումնավարժությունների ավարտին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցները մի շարք խախտումներ հայտնաբերեցին երկու օբյեկտների հակահրդեհային համակարգերում: Մասնավորապես՝ բացակայում են հրդեհաշիջման ներքին ծորակները, հրդեհաշիջման պարզագույն միջոցները, հոսանքազրկման դեպքում տարահանման ելքերը փակվում են և կարող են բացվել միայն անվտանգության աշխատակիցների կողմից: Օհանովի 21 հասցեում գտնվող «Երևան սիթի» առևտրի կենտրոնում բացակայում է ձայնային ազդարարման համակարգը, տարահանման սխեմաները: «Հայ-բելառուսական առևտրի տանը» բացակայում է հրդեհաշիջման ավտոմատ համակարգը: ԱԻՆ Փրկարար ծառայության աշխատակիցները բացատրական աշխատանքներ իրականացրեցին օբյեկտների անձնակազմի հետ՝ ղեկավարության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ աշխատանքների միջոցով շտկել առկա թերությունները: Նշենք, որ ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանի հանձնարարությամբ՝ Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը ռիսկի վրա հիմնված ստուգումներ է իրականացնելու «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցում: Ի կատարումն ՀՀ վարչապետի հանձնարարականի՝ ՀՀ ԱԻՆ Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության կողմից հանրապետության տարածքում արդեն իսկ իրականացվել է 202 ստուգում և հրդեհային հետազոտություն, տնտեսվարողներին հանձնվել են թերությունները շտկելու կարգադրագրեր, միջոցառումները շարունակվում են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր