00:00:00

«ՌԴ-ն Երևանին կտրամադրի ամբողջ անհրաժեշտ օգնությունը, եթե մարտական բախումները տեղափոխվեն անմիջականորեն ՀՀ տարածք». ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Փաշինյանի՝ Պուտինին ուղղված նամակին

13:05, 31 հոկտեմբեր 2020

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ նախագահին ուղղված անհապաղ խորհրդակցություններ սկսելու, ՀՀ-ին աջակցության տեսակները և չափը սահմանելու վերաբերյալ դիմումին: Խոսքն այն օգնության մասին է, որը Ռուսաստանի Դաշնությունը կարող է հատկացնել Հայաստանի Հանրապետությանը՝ իր անվտանգության ապահովման համար՝ հիմք ընդունելով Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները և 1997թ. օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագրի 2-րդ հոդվածը: «Ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված դիմումի՝ սկսել խորհրդակցություններ՝ սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը Ռուսաստանի Դաշնությունը կարող է հատկացնել Հայաստանի Հանրապետությանը՝ անվտանգության ապահովման նպատակով, վերահաստատում ենք հավատարմությունը ՀՀ նկատմամբ դաշնակցային պարտավորություններին, այդ թվում՝ 1997թ. օգոստոսի 29-ին կնքված «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագրի շրջանակում: Այս պայմանագրի որոշ հոդվածներ մեկը մյուսի տարածքի նկատմամբ զինված հարձակման սպառնալիքի առաջացման դեպքում ենթադրում են հստակ գործողություններ: Պայմանագրի համապատասխան՝ Ռուսաստանը Երևանին կտրամադրի ամբողջ անհրաժեշտ օգնությունը, եթե մարտական բախումները տեղափոխվեն անմիջականորեն Հայաստանի տարածք: Ղարաբաղյան հակամարտության կողմերին կրկին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել կրակը, թուլացնել լարվածությունն ու վերադառնալ առարկայական բանակցություններին՝ նպատակ ունենալով հասել հարցի խաղաղ կարգավորման՝ հիմնված ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ հոկտեմբերի տասին Մոսկվայում ձեռք բերած պայմանավորվածությունների հիմնարար սկզբունքների վրա»,-ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում: Հիշեցնենք, որ hոկտեմբերի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ մանրամասն ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծած իրադրությունը և առաջացած մարտահրավերները: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ Նամակում, մասնավորապես, ընդգծվել է Մերձավոր Արևելքից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղափոխման և վերջիններիս Լեռնային Ղարաբաղի դեմ մարտական գործողություններում ներգրավման հանգամանքը: Հաշվի առնելով մարտական գործողությունների Հայաստանի Հանրապետության սահմանին մոտենալու, ՀՀ տարածքի նկամամբ արդեն իսկ տեղի ունեցած ոտնձգությունների փաստերը՝ ՀՀ վարչապետը դիմել է ՌԴ նախագահին սկսելու անհապաղ խորհրդակցություններ՝ սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը Ռուսաստանի Դաշնությունը կարող է հատկացնել Հայաստանի Հանրապետությանը՝ իր անվտանգության ապահովման համար՝ հիմք ընդունելով Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները և  1997թ. օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագրի 2-րդ հոդվածը: Նշենք,որ «Բարեկամության համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագրի 2-րդ հոդվածը սահմանում է` «Բարձր պայմանավորվող կողմերը միմյանց հետ սերտորեն կհամագործակցեն Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պաշտպանության և անվտանգության ապահովման գործում: Նրանք անհապաղ կխորհրդակցեն ամեն անգամ, երբ նրանցից մեկի կարծիքով առաջացել է նրա վրա զինված հարձակման սպառնալիք` համատեղ պաշտպանության ապահովման և խաղաղության ու փոխադարձ անվտանգության պահպանման նպատակով: Այդ խորհրդակցությունների ընթացքում կորոշվեն այն օգնության անհրաժեշտությունը, ձևերն ու չափերը, որը ստեղծված իրավիճակը հաղթահարելու նպատակով կցուցաբերի մի Բարձր պայմանավորվող կողմը մյուս Բարձր պայմանավորվող կողմին»: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 40 քաղաքացիական անձ, վիրավորվել է 120 քաղաքացիական անձ։ Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։ Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր