00:00:00

Չի հաղթում Հայաստանը, չի հաղթում Ադրբեջանը, հաղթում է COVID-19-ը. ՄԱԿ գլխավոր քարտուղար

20:19, 23 հոկտեմբեր 2020 Աշխարհ

«Չի հաղթում Հայաստանը, չի հաղթում Ադրբեջանը։ Հաղթում է COVID-19-ը: Մենք պետք է կանգ առնենք»,- Associated Press գործակալությանը տված հարցազրույցում նշել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը: Նրա խոսքով՝ եթե ռազմական գործողությունները շարունակվեն համաշխարհային խոշոր հակամարտություններում՝ Եմենից եւ Լիբիայից մինչեւ Աֆղանստան եւ Լեռնային Ղարաբաղ, ապա միակ հաղթողը կլինի համավարակը: «Մեզ միջազգային հանրության լիակատար աջակցությունն է անհրաժեշտ,- ասել է Գուտերեշը:- Մեզ պետք է լիակատար աջակցությունը բոլոր նրանց, ովքեր հակամարտության կողմերի վրա ազդեցություն ունեն, որպեսզի մինչեւ տարեվերջ դադարեցվեն հակամարտությունների այս ողբերգական ծավալումները»: Խոսելով Արցախյան հակամարտության սրացման մասին՝ նա նշել է. «Վերջին երկու շաբաթվա ընթացքում Հայաստանում COVID-19-ի դեպքերի թիվը կրկնապատկվել է, իսկ Ադրբեջանում աճել է 80 տոկոսով»: Նույնատիպ վիճակ է նաև Լիբիայում, Եմենում, Սիրիայում, Աֆղանստանում, Աֆրիկայի Սահել շրջանում եւ մյուս հակամարտությունների գոտիներում: «Ես նրանց բոլորին կոչ եմ անում գիտակցել, որ պատերազմում անհնար է հաղթել,- ասել է նա:- Միակ ուղին ուժերը միավորելն է զինադադարի, քաղաքական բանակցությունների եւ COVID-ի դեմ հաղթանակի համար: Եթե ոչ, ապա միակ հաղթողը կլինի համավարակը»: Գուտերեշը հիշեցրել է, որ Ռուսաստանի և Ֆրանսիայի նախաձեռնությամբ հաստատված հրադադարի ռեժիմը չի պահպանվել արցախյան հակամարտության գոտում: Նա հույս է հայտնել, որ այսօր Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի առանձին հանդիպումներից հետո հրադադարն իրականում կհաստատվի: Հիշեցնենք, որ վերջին շաբաթվա՝ Հայաստանում հրապարակվող կորոնավիրուսի ցուցանիշը ռեկորդային է լինում ամեն օր. նոր վարակված դեպքերի թվերն օր օրի աճում են, օր օրի շատանում են ծանր և ծայրահեղ ծանր հիվանդները, իսկ հայ բժիշկներն այսօր զորուգիշեր պայքարում են նաև պատերազմի հասցրած վերքերը բուժելու համար: Նշենք նաև, որ կորոնավիրուսի թվերի աճը պայմանավորված է ոչ միայն մոբիլիզացիայի կտրուկ մեծացմամբ, այլև բնակչության շրջանում հակահամաճարակային միջոցները պահպանելու նկատմամբ պատերազմի սկզբից ի վեր նկատվող անտարբերությամբ: Եթե պատերազմի բերած անհանգստությունը նոր և առավել օբյեկտիվ պատճառ կարող էր համարվել, ապա հակահամաճարակային կանոնների արդյունավետությունը վաղուց քննարկվող ու բազմաթիվ գիտա-հասարակական վեճերի հիմք դարձած թեմա էր, որը հիմք ընդունելով՝ շատերն առիթ բաց չէին թողնում կանոնները չպահելու համար: Աշխարհում այսօրինակ վեճերի հանգուցալուծումն ապահովելու համար Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը երեկ համացանցային ամենամեծ բառարանը՝ Վիքիպեդիան տնօրինող ոչ առևտրային կազմակերպության հետ պայմանավորություն է ձեռք բերել՝ ընդլայնելու հասարակության հասանելիությունը COVID-19-ի վերաբերյալ վերջին և ամենահուսալի տեղեկատվությանը: Քանի դեռ շարունակվում են կորոնավիրուսի բռնկումներն աշխարհի այս ու այն տարածաշրջաններում, ըստ պայմանավորվող կողմերի, 175 լեզուներով ինֆորմացիան այստեղ պիտի հասանելի լինի թարմացվող ինֆոգրաֆիկաների տեսքով, տեսանյութերին հղումներով: Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն դոկտոր Թեդրոս Ադհանոմ Գեբրաեսիուսի խոսքով՝ համաճարակի բռնկումից ի վեր ԱՀԿ-ն քայլեր է ձեռնարկել՝ կանխելու «ինֆոդեմիան», որը ապակողմնորոշող կամ շինծու լուրերի, պատկերների և տեսանյութերի արագ տարածմամբ կասկածի տակ էր դնում ձեռնարկված հակահամաճարակային միջոցների արդյունավետությունն ու նպաստում վարակի տարածմանը: «Տեղեկատվության մատչելիությունը մարդկանց առողջության համար կարևոր է, - ասել է Վիքիմեդիա հիմնադրամի գործադիր տնօրեն Քեթրին Մահերը:- Դա է՛լ ավելի պարզ է դառնում առողջապահության համաշխարհային ճգնաժամերի ժամանակ, երբ տեղեկատվությունը կարող է ունենալ կյանքի վրա մեծապես ազդող հետևանքներ»: Պայմանավորության համաձայն՝ առաջիկայում Վիքիմեդիա Հիմնադրամը և ԱՀԿ-ն կներդնեն անհրաժեշտ գործիքներ, որ մասնագիտական վստահելի ինֆորմացիան ավելի հասանելի դառնա բոլորին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր