00:00:00

Ռուսաստանի և Թուրքիայի դիրքորոշումները ԼՂ հակամարտության կարգավորման հարցում չեն համընկնում. Պուտին

21:51, 22 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Ռուսաստանի և Թուրքիայի դիրքորոշումները միշտ չէ, որ համընկնում են, հատկապես Հարավային Կովկասում, սակայն եթե բանակցությունները ԼՂ հիմնախնդրի հարցով 30 տարվա ընթացքում արդյունք չեն տալիս, դա չի նշանակում, որ պետք է սկսել կրակել: Մոսկվան կողմ է քաղաքական կարգավորմանը: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով «Վալդայ» քննարկումների ակումբում: «Դա Թուրքիայի նախագահի հաջորդական դիրքորոշումն է. նա չի ճանաչում Ղրիմը, չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը: Բայց ի՞նչ մեր կողմից: Պետք է համառորեն աշխատենք բոլորի հետ, զինվենք համբերությամբ, ինչը և անում ենք, ապացուցենք բոլորին, որ մեր դիրքորոշումը ճիշտ է, և մենք այն կպաշտպանենք: Իսկ այն հարցերում, որոնց շուրջ մեր մոտեցումներն ու դիրքորոշումները չեն համընկնում, պետք է փոխզիջում փնտրել»,- ասել է ՌԴ ղեկավարը: «Այնպես եմ հասկանում, որ Հարավային Կովկասի հարցում մեր դիրքորոշումները չեն համընկնում, քանի որ մենք կարծում ենք, որ վիճահարույց հարցերն, այնուամենայնիվ, պետք է լուծել ոչ թե ուժի միջոցով, ոչ թե զենքի օգնությամբ, այլ դիվանագիտական միջոցով՝ բանակցությունների սեղանի շուրջ»,- հավելել է Պուտինը: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Հոկտեմբերի 22-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 23 ինքնաթիռ, 202 անօդաչու թռչող սարք, 580 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ: Հակառակորդն ունի ավելի քան 6459 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 874 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 36 քաղաքացիական անձ, վիրավորվել է 115 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ: Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։ Արդեն երկու անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր