00:00:00

Ինչու հենց 6 ամսով եւ որ ապրանքներին է վերաբերում Թուրքիայից ներմուծման սահմանափակումը. փոխվարչապետի պարզաբանումը

16:25, 16 հոկտեմբեր 2020

Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը քննարկման է դրել նախագիծ, որով ժամանակավորապես առաջարկվում է արգելել թուրքական ծագման ապրանքների ներմուծումը ՀՀ: Որոշումն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի 2020 թվականի դեկտեմբերի 31-ին եւ կգործի 6 ամիս ժամկետով: Թեմայի վերաբերյալ «Հայկական ժամանակ»-ի մի քանի հարցերին է պատասխանել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: - Պարոն Գրիգորյան, ինչո՞ւ է որոշվել ժամանակավորապես արգելել թուրքական ապրանքների ներմուծումը եւ ոչ մշտական: - Դա ընթացակարգային հարց է: Համաձայն Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի 47-րդ հոդվածի՝ ԵԱՏՄ անդամ պետությունները երրորդ երկրների հետ առևտրում կարող են միակողմանիորեն կիրառել ոչ սակագնային կարգավորման միջոցներ՝ Պայմանագրի 7-րդ հավելվածով սահմանված կարգով։ Նշված հավելվածի «Միակողմանիորեն միջոցների կիրառումը» X բաժնի  50-րդ կետի համաձայն՝ բացառիկ դեպքերում անդամ պետությունները երրորդ երկրների հետ առևտրում կարող են միակողմանիորեն սահմանել ժամանակավոր միջոցներ, իսկ հավելվածի 54-րդ կետի համաձայն՝ ժամանակավոր միջոցը գործում է այն սահմանելու օրվանից հետո՝ առավելագույնը 6 ամսվա ընթացքում: Ու չնայած ֆորմալ մենք կարող ենք առավելագույնը 6 ամսով կիրառել սույն սահմանափակումը, բայց ոչինչ չի խանգարում, որ 6 ամսից հետո արգելքը կրկին երկարաձգվի եւս 6 ամսով։ Այս մասով կրկին սահմանափակումներ կիրառելու քանակական շեմեր չկան: - Նշված էր որոշ ապրանքների՝ խոսքը կոնկրետ ո՞ր ապրանքներին է վերաբերում կամ որին չի վերաբերում: - Ըստ էության, խոսքը վերջնական սպառման բոլոր տեսակի ապրանքների մասին է, եւ սահմանափակումը կվերաբերի ներմուծվող բոլոր տեսակի վերջնական սպառման պատրաստի արտադրանքին: - Թուրքական ապրանքին գնային ու որակական առումով համապատասխան այլընտրանքներ ունե՞նք: - Կարծում եմ՝ այո: Մեր հետազոտությունները ցույց են տվել, որ նույն որակի եւ տեսակի վերջնական սպառման ապրանքներ կարող են ներմուծվել այլ երկրներից, նաեւ, ինչը շատ կարևոր է, կարող են արտադրվել Հայաստանում: - Դեպի Թուրքիա զբոսաշրջային հոսքը արգելելու տարբերակ քննարկվո՞ւմ է՝ հաշվի առնելով, որ դրանով եւս նպաստում ենք այդ երկրի տնտեսության զարգացմանը: - Հարցի հետ կապված քննարկումների օրակարգն այս նախագծով չի սպառվում: Քննարկումները շարունակվում են, եւ այս պահին ես որեւէ բան չէի բացառի: - Ձեր հաշվարկով այս որոշման ընդունումը ի՞նչ ազդեցություն կունենա ՀՀ տնտեսության վրա: - Իհարկե, որոշումը որոշակի բացասական ազդեցություն կունենա ՀՀ տնտեսության վրա, սակայն պետք է նշեմ, որ տվյալ դեպքում ռիսկերի գինը շատ ավելի բարձր է, քան հնարավոր բացասական ազդեցության կշիռը: Ընդ որում, վստահ եմ, որ բացասական ազդեցությունը կլինի ժամանակավոր, եւ շուկան արագ կադապտացվի նոր իրավիճակին: Չի բացառվում նաեւ, որ ավելի շահավետ լուծումներ առաջանան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր