00:00:00

ՀԱՊԿ-ը դիտարկում է ԼՂ համակարտության գոտի խաղաղապահներ ուղարկելու հարցը

15:16, 15 հոկտեմբեր 2020

Լեռնային Ղարաբաղում խաղաղապահության հարցն ակտիվորեն քննարկվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ): Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Սպուտնիկ Բելառուսը», հայտարարել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ: «Այս տարածաշրջանում (Լեռնային Ղարաբաղում) խաղաղապահության ակտիվ քննարկում է ընթանում», – ասել է գլխավոր քարտուղարը: Ինչպես նշել է Զասը, նա հանգամանալից զրույց է ունեցել պետության ղեկավարի հետ այն իրավիճակի մասին, որը ստեղծվում է ՀԱՊԿ տարածաշրջանում: Մասնավորապես, կողմերը խոսել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման, Ղրղզստանում և Բելառուսում տիրող իրավիճակի մասին: Իր հերթին, Բելտա գործակալության հաղորդմամբ, կազմակերպությունում նշել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրացումից հետո պաշտոնական դիմումներ ՀԱՊԿ մշտական աշխատանքային մարմիններին հայկական կողմից չեն ստացվել: Միևնույն ժամանակ, ՀԱՊԿ Մշտական խորհրդին ներկայացվել է ՀՀ վարչապետի ուղերձը, ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի և արտաքին գործերի նախարարության հայտարարությունները: Ավելի վաղ գլխավոր քարտուղարն արդեն անհանգստություն էր հայտնել հակամարտության սրացման կապակցությամբ։ ՀԱՊԿ-ը կոչ է արել հակամարտության կողմերին հասնել խաղաղ կարգավորման և ձեռնպահ մնալ սադրիչ գործողություններից: Հավաքական անվտանգության խորհուրդը, ՀԱՊԿ կանոնադրությանը համապատասխան, կազմակերպության բարձրագույն մարմինն է: Խորհրդի կազմում ընդգրկված են անդամ պետությունների ղեկավարները։ Նրա նիստերին կարող են մասնակցել արտաքին գործերի նախարարները, պաշտպանության նախարարները, անդամ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարները, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։ ՀԱՊԿ-ին անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը: Հոկտեմբերի 14-ին ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական մասնագետների տեղակայման մասին խոսել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր