00:00:00

ՌԴ-ի հարաբերություններն այնքան շատ են հավասարակշռված, որ երկու կողմերը կարող են նրան վստահել որպես միջնորդի. ՀՀ նախագահ

21:47, 13 հոկտեմբեր 2020 Արտաքին քաղաքականություն

ՌԴ նախագահ Պուտինը հստակ նշել է, որ հավատարիմ կմնան յուրաքանչյուր պայմանագրի դրույթներին։ Այս մասին RT հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Անդրադառնանք Ռուսաստանի դերին: Որպես Երեւանի դաշնակից՝ Ռուսաստանը բավարար քայլեր կատարե՞լ է: Երբ խոսում եմ Կովկասում Ռուսաստանի վարած քաղաքականության մասին՝ հենվում եմ մի քանի կարեւոր սկզբունքների վրա: Դրանցից մեկը վերջերս նշել է նախագահ Պուտինը: Նա հստակորեն ասել է, որ Ռուսաստանը հարաբերություններ ունի Հայաստանի հետ, կան ստորագրված պայմանագրեր՝ եւ՛ քաղաքական, եւ՛ ռազմական ոլորտներում, Հայաստանը նաեւ ՀԱՊԿ մաս է կազմում: Նախագահ Պուտինը հստակ նշել է, որ հավատարիմ կմնան յուրաքանչյուր պայմանագրի դրույթներին: Կարծում եմ՝ սա կարեւոր է Կովկասում Ռուսաստանի վարած քաղաքականության տեսանկյունից: Ես դա ողջունում եմ, որովհետեւ սա ցույց է տալիս, որ Ռուսաստանը վստահելի գործընկեր է: Ռուսաստանը նաեւ լավ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ: Եվ այս հարաբերությունները հավասարակշռված են: Կարծում եմ, որ դրանք այնքան շատ են հավասարակշռված, որ երկու կողմերը կարող են Ռուսաստանին վստահել որպես միջնորդի: Այդ վստահության եւ պատասխանատվության շնորհիվ են կողմերը հավաքվել մեկ հարկի տակ եւ սկսել խոսել: Հույս ունեմ, որ վերջնական հրադադար կհաստատվի, եւ դրա հիման վրա կշարունակենք առաջ գնալ: Ռուսաստանի դերը շատ կարեւոր է:
Իհարկե, կարեւոր է, որ կա ԵԱՀԿ Մինսկի խմբի հարթակը, եւ համանախագահող երկրների նախագահները՝ Դոնալդ Թրամփը, Էմանուել Մակրոնը եւ Վլադիմիր Պուտինը, դիմել են կողմերին: Նախագահ Թրամփը հիմա զբաղված է ընտրություններով, նախագահ Մակրոնը, ներկայացնելով Եվրոպան, ակտիվորեն ներգրավված է, եւ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրան: Եվ, իհարկե, Ռուսաստանի դերն այս հարցում առանձնահատուկ է: Այդուհանդերձ, պետք է, որ լսած լինեք Թուրքիայի նախագահի կողմից արված ծայրահեղ տարբեր գնահատականներն այն մասին, թե Մինսկի խմբի տասնամյակների ջանքերն անօգուտ են։ Ինչպե՞ս կարձագանքեք։ Ի դեպ, նա սա ասել է անմիջապես այն բանից հետո, երբ հրապարակվեց նախագահներ Մակրոնի, Թրամփի եւ Պուտինի հայտարարությունը։ Առաջին հերթին դա ցույց է տալիս, որ այդ երկիրը խորապես չի հասկանում ամբողջ խաղաղ գործընթացը։ Ցավոք, դա ցույց է տալիս նաեւ նրա վերաբերմունքը միջազգային խնդրահարույց հարցերը լուծելուն։ Դա նաեւ ցույց է տալիս, որ Թուրքիայի նպատակները այս տարածաշրջանում, ներառյալ Ադրբեջանում, բոլորովին ուրիշ են։ Նրանք նպատակ չունեն կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, իրենց օրակարգում այլ բան ունեն։ Այս հարցում Թուրքիայի ներգրավվածության իրական նպատակը ոչ միայն Լեռնային Ղարաբաղն է եւ հայերին դաս տալն ու հիշեցնելը, որ երբեք չի ճանաչի ցեղասպանությունը, այլ նաեւ՝ ուժեղ ներկայություն ունենալն Ադրբեջանում։ Պարոն նախագահ, ի՞նչն է Ձեզ ստիպում պնդել, որ սիրիացի վարձկանները կռվում են ադրբեջանական զորքերի շարքերում այս տարածաշրջանում։ Ձեր վերաբերյալ նույնպես՝ PKK զինյալների մասին են ասում։ Բացառու՞մ եք քուրդ ուժերի ներկայությունն այստեղ։ Դա բացարձակ անհեթեթություն է։ Դուք լրագրող եք, եւ եթե որեւէ մեկին գտնեք կամ գոնե հետքը գտնեք, ինձ զանգեք, խնդրում եմ։ Այո, կան Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի քուրդ եւ եզդի քաղաքացիներ։ Նրանք այդ երկրների քաղաքացիներ են եւ կռվում են ճիշտ այնպես, ինչպես այդ երկրի յուրաքանչյուր քաղաքացի։ Որեւէ քուրդ մարտիկի չեք կարող գտնել հայկական կողմում։ Հայերը կարող են պաշտպանել իրենց հայրենիքը։ Մեր ուղերձն է՝ մենք չենք ցանկանում, որ որեւէ մեկը ներգրավվի։ Մենք չենք ցանկանում իրադրությունը բարդացնել։ Ցանկանում ենք մի բանի բացառում, որը Թուրքիայի գործոնն է։ Եթե Թուրքիան դուրս գա, կարող եմ վստահեցնել, որ հրադադարը կայուն կլինի եւ երկար ժամանակ կպահպանվի։ Այն պահին, երբ Ադրբեջանը պատերազմ սկսեց՝ հրետակոծելով եւ օգտագործելով բոլոր հնարավոր ժամանակակից սարքերը պետք է սպասեր, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը փոխադարձ պատասխանելու եւ կռվելու է, քանի որ նա կռվում է իր կյանքի համար, այլ ոչ թե մի կտոր հողի։ Նա կռվում է ապրելու, իր կյանքի, հայրենիքի, արժանապատվության համար։ Պարոն նախագահ, Թուրքիայի այդ ողջ աջակցությամբ (գումարի, ժամանակակից զինտեխնիկայի) հանդերձ՝ ինչո՞ւ պետք է Թուրքիան կամ Ադրբեջանը ցանկանային ներգրավել սիրիացի իսլամիստներին այստեղ։ Հարցրեք իրենց։ Ես չգիտեմ։ Սակայն Դուք վստա՞հ եք, որ նրանք այստեղ են։ Ոչ միայն ես եմ վստահ։ Պարոն Նարիշկինը եւս հայտարարել է դրա մասին, եւ նա միակը չէ, որ ասել է դրա մասին։ Մենք շատ ապացույցներ ունենք։ Ես չեմ ցանկանում հիմա դա Ձեզ ապացուցել, դա արդեն իսկ ապացուցված է։ Հարցրեք պարոն Էրդողանին կամ պարոն Ալիեւին, թե ինչու են այդ մարդկանց տարել այնտեղ։ Իրատեսականորեն հնարավորությու՞ն կա, որ հիմա խաղաղապահ առաքելությունը կարող է օգնել եւ իրականացվել, եւ ո՞վ կարող է դա անել։ Որպես նախագահ՝ բաց եմ ցանկացած գաղափարի համար։ Այս հարցում սահմանափակումներ չկան։ Խաղաղապահներ կլինեն, եթե երկու կողմերը համաձայնեն։ Նրանք չեն կարող մեկ կողմում լինել։ Դուք համաձա՞յն եք։ Դա կախված է նրանից, թե ինչպես կընթանան խաղաղ բանակցությունները։ Կարծում եմ, որ ամեն ինչ սեղանին է, եւ եթե մենք հրադադար ունենանք եւ վերադառնանք բանակցությունների սեղան, կարող է ամեն ինչ քննարկվել՝ խաղաղապահների, մանդատի, խնդիրների, ժամանակացույցի, ամեն ինչի մասին։ Վաղաժամ է ասել՝ այս կամ այն բանն ընդունելի է, թե ոչ։ Կարող եմ օրինակ բերել։ Երբ Լեռնային Ղարաբաղը հայտարարեց իր անկախության մասին, այդ ժամանակ Խորհրդային Միության մաս էր կազմում։ Հետո Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը հայտնեց, որ պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն եւ, հնարավոր է նաեւ, Հայաստանի մաս։ Սակայն ավելի ուշ Հայաստանի ղեկավարությունը խոհեմորեն դադարեցրեց այս գործընթացը։ Ինչո՞ւ։ Որովհետեւ դա այնքան պարզ էր։ Նրանք ձեր եղբայրներն են։ Ինչո՞ւ Հայաստանը չճանաչեց այս բոլոր տարիներին։ Շատ պարզ պատճառով։ Հայաստանում հասկանում են, որ ճանաչելով՝ մեկ այլ բարդություն կառաջանա խաղաղ գործընթացի համար։ Դատելով այն ամենից՝ ինչ ասացիք, Դուք զգու՞մ եք, որ Ռուսաստանի ու Հայաստանի հարաբերություններն ավելի են սերտացել այս վերջին բռնկումից հետո։ Կհամաձայնե՞ք այդ մտքի հետ։ Մեր մտերմությունը չի կարող մեկնաբանվել այսօրվա քաղաքականությունից ելնելով, հայտարարությունների մակարդակով կամ վերաբերմունքով, որոշումներով, խմբերով, կուսակցություններով։ Մեր հարաբերությունները եղել են, կան եւ, համոզված եմ, լինելու են շատ խորը։ Շատ ավելի խորը, քան քաղաքական իրադարձությունները։ Այս հարցին պատասխանելու համար կրկին նույն բառը կօգտագործեմ, որը մի քանի անգամ արդեն իսկ հնչեցրել եմ՝ վստահություն։ Սա վստահություն է, որը գալիս է դարերով։ Դա չի՞ փոխվի ապագայում եւ հատկապես մոտ ապագայում։ Վստահությունը եւ բարեկամությունը մի բան են, որի մասին պետք է հոգ տանես ամեն օր։ Կարծում եմ, որ դա նման է գեղեցիկ բույսի կամ ծառի, եւ եթե այն չջրես, չխնամես, ծաղիկներ եւ պտուղներ չես ստանա։ Պետք է խնամես, հոգ տանես դրա մասին ամեն օր, նույնիսկ եթե այն խորն է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր