00:00:00

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կողմերին կոչ են անում անհապաղ հաստատել հումանիտար հրադադար

17:20, 13 հոկտեմբեր 2020 Աշխարհ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ են անում անհապաղ հումանիտար հրադադար հաստատել: Այս մասին ասված է համանախագահների տարածած հաղորդագրության մեջ: «Համանախագահները տագնապով են արձանագրում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շարունակվող բռնությունը։ Համանախագահները կոչ են անում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անհապաղ քայլեր ձեռնարկել հոկտեմբերի 10-ի մոսկովյան հայտարարությանը համապատասխան կողմերի պարտավորությունների ամբողջական կատարման ուղղությամբ ՝ տարածաշրջանի համար աղետալի հետևանքները կանխելու համար: Համանախագահները կրկին հայտարարում են, որ քաղաքացիական բնակչության շրջանում զոհերն անընդունելի են որևէ պարագայում։ Համանախագահները կողմերին կոչ են անում անհապաղ հաստատել հումանիտար հրադադար, որպեսզի ապահովեն աճյունների, ռազմագերիների և այլ պահպանման տակ գտնվող անձանց վերադարձը, և կոչ են անում կողմերին անհապաղ համաձայնեցնել հրադադարի ստուգման մեխանիզմը: Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ զրույցներից հետո համանախագահներն աշխատում են կողմերի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման գործընթացի առարկայական հարցերի շուրջ՝ բանակցային լուծման հասնելու նպատակով»,- ասված է համանախագահների տարածած հաղորդագրությունում: Հիշեցնենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մոսկովյան հանդիպումն ավարտվել է համատեղ հայտարարության ընդունմամբ: Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից: «Հանդիպումը կայացել է: Ընդունվել է հայտարարություն»,-հայտնել են ԱԳՆ-ից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր