00:00:00

«Այն, ինչ անում է Թուրքիան, ահավոր է». ԵԽԽՎ-ում Ֆրանսիայի և Գերմանիայի խորհրդարանականները՝ ԼՂ հակամարտությանն Անկարայի միջամտության մասին

11:51, 13 հոկտեմբեր 2020 Աշխարհ

ԵԽԽՎ-ում Ֆրանսիայի և Գերմանիայի խորհրդարանականները դրական են գնահատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ Մոսկվայի գործադրած ջանքերը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը: «Շատ լավ է, որ Ռուսաստանի Դաշնությունը փորձում է կարգավորել այս հակամարտությունը»,- նշել է «Սոցիալիստներ, դեմոկրատներ և կանաչներ» խմբի ղեկավար, Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Ֆրանկ Շվաբեն: Միևնույն ժամանակ նա ուշադրություն է հրավիրել տեղեկությունների վրա, ըստ որոնց՝ Թուրքիան Սիրիայից զինյալներ է ուղարկել հակամարտության գոտի: «Այն, ինչ անում է Թուրքիան, ահավոր է:Չի կարելի այնտեղ Սիրիայից գրոհայինների ուղարկել, քանի որ նման գործողությունները հակամարտության խաղաղ կարգավորմանը չեն նպաստում»,- ընդգծել է Շվաբեն: Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ժակ Մերը, իր հերթին, մտահոգությունն է հայտնել Եվրոպայի նկատմմաբ հակամարտության հետևանքների հարցով: «Չի կարող չանհանգստացնել այն փաստը, որ Եվրոպական խորհրդի երկու անդամ (Հայաստանը և Ադրբեջանը) երրորդ երկրի (Թուրքիայի) մասնակցությամբ զինված հակամարտության մեջ են: Հակամարտությունը սարսափելի հետևանքներ է ունենում խաղաղ բնակչության համար»,- նշել է նա: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Հոկտեմբերի 13-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 18 ինքնաթիռ, 173 անօդաչու թռչող սարք, 521 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ: Հակառակորդն ունի ավելի քան 5139 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 532 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 25 քաղաքացիական անձ, վիրավորվել է 102 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։ Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։ Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր