00:00:00

Լեւոն Արոնյանը, Էլինա Դանիելյանն ու Գաբրիել Սարգսյանը սուր քննադատության են ենթարկել ՖԻԴԵ-ին

02:25, 31 օգոստոս 2020 Սպորտ

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատարներ Լեւոն Արոնյանը, Էլինա Դանիելյանն ու Գաբրիել Սարգսյանը սոցիալական ցանցերում արած գրառումներով սուր քննադատության են ենթարկել Շախմատի միջազգային ֆեդերացիային (ՖԻԴԵ), որն առաջին անգամ անցկացված օնլայն Օլիմպիադայի չեմպիոններ է հռչակել Ռուսաստանի եւ Հնդկաստանի թիմերին։ «Պետք է ենթադրել, որ ինչպես միշտ, մեզնից ոմանք քիչ անջատված են ինտերնետից, քան մյուսները»,- Թվիթերում գրել է Լեւոն Արոնյանը՝ ավելացնելով #1984-ը՝ ակնարկելով Օրուելի «1984» հակաուտոպիան։ «ՖԻԴԵ-ում իսկապես կարծո՞ւմ են, որ իրենք ամենախելացին են, իսկ մյուսները ապուշ են։ Ամոթ եւ խայտառակություն նրանց՝ իրենց փչացած եւ գարշահոտ գործունեությամբ։ Այս ամենից հետո նրանք պետք է հրաժարական տան։ Սա մեծ խայտառակություն է շախմատի համար»,- Թվիթերում գրել է Էլինա Դանիելյանը։ «Ինչպիսի խայտառակություն։ Արկադի Դվորկովիչ եւ Էմիլ Սուտովսկի, դուք ձախողվեցիք։ Դուք ամբողջ շախմատային աշխարհին ցույց տվեցիք, որ չունեք բարոյական սկզբունքներ»,- գրել է Գաբրիել Սարգսյանը Ֆեյսբուքում։ Հիշեցնենք, որ եզրափակիչում հաղթանակ տարավ Ռուսաստանի թիմը։ Առաջին ռաունդում գրանցվեց ոչ ոքի՝ 3։3։ Երկրորդ ռաունդում 4,5։15 հաշվով հաղթեց Ռուսաստանի թիմը, սակայն Հնդկաստանը բողոքարկեց վերջին երկու պարտիաները chess.com-ի սերվերի հետ կապի ընդհատման պատճառով։ Այդ պարտիաներում հաղթանակ էին տարել ռուս շախմատիստները։ ՖԻԴԵ-ն որոշեց երկու թիմերին էլ ճանաչել հաղթող, թեեւ բողոքարկման բավարարման դեպքում, պետք էր շարունակել պարտիաները ընդհատման պահից։ Հիշեցնենք, որ քառորդ եզրափակիչում Հայաստանի թիմը Հնդկաստանի հետ դիմակայության առաջին ռաունդում դարձյալ սերվերի հետ կապի ընդհատման պատճառով Հայկ Մարտիրոսյանի տանուլ տված պարտիան բողոքարկել էր, սակայն ՖԻԴԵ-ն չէր բավարարել բողոքարկումը։ Հայաստանի թիմը բոյկոտել էր եւ հրաժարվել հետագա պայքարից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր