Իսկ դուք գյուղատնտեսության ոլորտում այդ փոքր աճին հավատո՞ւմ եք. կասկածելի է, որովհետև բերքն էլ լավը չէր. ես կասկածներ ունեմ նույնիսկ այդ փոքր աճին։ Այս մասին տնտեսական լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Այն տեղերում, որտեղ քաղաքականացված մարդիկ ներկայացնում են թվեր, ամեն ինչ կատարվում է այնտեղ։ Այնպիսի թվեր են ներկայացնում, որ ասեն՝ ինչ-որ բանի հասել ենք։ Իմ տպավորությամբ Վիճակագրական կոմիտեում դեռ արհեստավարժներ մնացել են, չի քաղաքականացվել այդ մարմինը: Մի հարցում իրենք կարող են աչք փակել նույնիսկ կասկածելի թվերի վրա, կարող են աչք չփակել կասկածելի թվերի վրա։ Դա կախված է, թե ինչ եռանդով է իշխանությունը ցանկանում լավ ցուցանիշներ ներկայացնել հանրությանը»,-ասաց նա:
Քոչարյանը հավելեց, որ ամենից մեծ վտանգը, որը սպառնում է նորաթուխ պաշտոնյային, հատկապես եթե ինքը այս աստիճանով չի անցել. 1-2 ամիս հետո իրեն թվում է, թե ինքը բոլոր գիտությունների ակադեմիկոս է։ Ուր գնում ու ինչ ասում է՝ բոլորը գլխով են անում։ Ի վերջո, մեծ ղեկավար է եկել, բոլորը գլխով են անում, լսում են, գրառում են անում։ Գայթակղությունը շատ մեծ է՝ միանգամից կարծել, թե դու ամեն ինչ գիտես։
Նույնիսկ ես նկատել եմ, երբ հանդիպումներ են կազմակերպում, ոչ թե լսում են, այլ սկսում են իրենք խոսել։ Տարրական լիդերության, ինքնազարգացման գրականությունը քեզ ուղղակի ասում է՝ եթե ղեկավար ես, ապա դու կարծիքը սկզբից մի ասա, ուղղակի լսի՝ մարդիկ ինչ են ասում։ Դու պիտի գաս այդ հանդիպման մի բանով՝ դու կարծիք չունես, որ դու գալիս ես մասնագետների հետ հանդիպման՝ կարծիք ձևավորելու համար։ Եթե դու քո կարծիքն ասում ես, ուրեմն ներկաների 99 տոկոսն էլ չի հակաճառում, կաշկանդվելու են։ Մարդիկ ուղղակի չեն հասկանում, որ կառավարման տեսանկյունից այսպես չի կարելի»:
Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտին, նա նկատեց, որ գյուղացուց լավ ոչ մեկ չգիտի, թե իրեն ինչ է պետք. «Յուրաքանչյուր ֆերմերի հետ հանդիպման ժամանակ քեզ ասելու են՝ ոռոգում, պարարտանյութ, թունաքիմիկատ, մի քիչ էլ եթե դիզելով օգնես, լավ է: Հիմա պետք է պետությունը հատ-հատ նայի՝ որտեղ ինքն անելիք ունի, որտեղ՝ չունի։ Օրինակ՝ ես տարին առնվազն 2 անգամ հանդիպում էի ֆերմերների հետ. գալիս էին մոտ 25-30 ֆերմեր։ Չէի խոսում ընդհանրապես, միայն լսում էի. չէի խոսում, ի՞նչ խոսեի, ես գյուղում չեմ մեծացել, ինձ հրավիրել են՝ լսելու համար։ Ամեն լսելուց հետո կազմում էինք ծրագիր և 6 ամիս հետո հանդիպում էինք, ինչ է եղել ու ինչը չի եղել։ Միջին տարեկան գյուղատնտեսության աճը եղել 8-9 տոկոս։ Հիմա ոռոգման հարցը. նայեք՝ ինչ կարգի խնդիր է եղել այն ժամանակ, հիմա չկան այդ խնդիրները։ Ոռոգման մի զգալի մասը եղել է եռաստիճան պոմպակայաններով. Սովետից ենք ժառանգել։
Հոսանքը 2 կոպեկ էր, գետից պոմպակայան էին դնում բարձրանում սարի գլուխ: Խաչիկ գյուղը ջուր էր ստանում եռաստիճան պոմպակայանով: Հիմա շատ ավելի ձեռնտու է գյուղացուն փող բաժանես, որ ոչ մի բան չցանի, քան ջուր տաս ցանելու համար, որովհետեւ պետության վրա ահռելի գումար է նստում: Ամբողջը փոխեցինք գրավիտացիոն, ինքնահոս ջրատարներով: Մեծ ծրագիր ենք իրականացրել եւ բյուջեի միջոցներով, եւ Համաշխարհային բանկի միջոցներով: Պետք է թիրախավորես, հասկանաս խնդիրները»,-ասաց Քոչարյանը::
Նրա խոսքով, գյուղն ամենօրյա ուշադրություն է ուզում. «Չկա զարգացած երկիր, որը գյուղատնտեսությունը չսուբսիդավորի:Սեփական բրինձ արտադրողներին աջակցելու համար ճապոնացիք 500 տոկոս մաքսատուրք են դրել ներմուծման վրա: Գյուղացուն պետք է նայել նաեւ այլ կտրվածքով, որովհետեւ գյուղացին տվյալ ժողովրդի ավանդույթները պահողն ու կրողն է: Գյուղացին միշտ ինչ-որ չափով կոնսերվատիվ է լինում, տեխնոլոգիաների տեսանկյունից: Ուրեմն պետք է համբերատար ուսանես, բացատրես, ոչ թե գնաս, ասես՝ դու փնթի ես, լավ չես աշխատում, կոստյումով պետք է գաս: Գյուղատնտեսությանը պետք է լրիվ ուրիշ աչքով նայես»: