Հուլիսի 26-ին, խոշոր ու կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում, Mercedes մակնիշի 777 ՈՈ 73 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Ձորաղբյուր-Ջրվեժ ավտոճանապարհին գտնվող «Ջրվեժի» արգելոցի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, գլխիվայր հայտնվել է լողավազանում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, ովքեր քաղաքացիների, արգելոցի աշխատակիցների և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար-ծառայության հատուկ փրկարարական աշխատանքներ իրականացնող փրկարարների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել վիրավորներին, ապա մեկին շտապօգնության, մեկին էլ քաղաքացիական ավտոմեքենաներով տեղափոխել են թիվ 1 Համալսարանական հիվանդանոց:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի տեսուչներ Արթուր Հակոբյանը և Վոլոդյա Կարապետյանը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Գառնիի բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության ավագ տեսուչ Լեռնիկ Գրիգորյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ ավտոմեքենան հաշվառված է Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում գրանցված է «Սիրով» ՍՊԸ-ի հաշվեկշռում, իսկ այն լողավազանից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա, ճոպաններ և վերամբարձ կռունկ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
shamshyan.com