00:00:00

Անհավանական խաղից հետո «Նոա»-ն դարձավ Հայաստանի գավաթակիր

02:14, 11 հուլիս 2020 Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության եզրափակիչում մրցեցին «Նոա»-ն և «Արարատ-Արմենիա»-ն: Հանդիպման մեկնարկին երկու թիմերն ակտիվ տեմպ էին հաղորդել խաղին: «Արարատ-Արմենիա»-ն առաջինն օգտվեց «Նոա»-ի պաշտպանների սխալից և 9-րդ րոպեին Օգանան բացեց խաղի հաշիվը: Բաց թողած գնդակից հետո «Նոա»-ն առավել շատ էր տիրում գնդակին: Հանդիպման 23-րդ րոպեին խաղային անսպասելի դրվագում «Նոա»-ից ինքնագոլի հեղինակ դարձավ Տատաևը: «Արարատ-Արմենիա»-ն 27-րդ րոպեին կարողացավ նաև եռապատկել հաշվի տարբերությունը: Մրցակցի տուգանային հրապարակում առաջինը կողմնորոշվեց Օտուբանջոն: Առաջին կեսի վերջնամասում «Նոա»-ից Մայրովիչը կարողացավ դիպուկ հարվածով կրճատել հաշվի տարբերությունը: Մինչ թիմերը կգնային հանգստի՝ «Արարատ-Արմենիա»-ից դուբլ ձևակերպեց Օգանան (առաջին կես` 1:4): Երկրորդ կեսը մեկնարկեց տեղատարափ անձրևի ներքո: Եվ հենց մեկնարկում «Նոա»-ն ստացավ 11 մետրանոց հարվածի իրավունք, որն անվրեպ իրացրեց Ազարովը: «Նոա»-ն շարունակեց տիրել իրավիճակին և խփեց նաև երրորդ գնդակը: Դիպուկ հարվածով աչքի ընկավ Կովալենկոն: «Նոա»-ն շարունակեց անհավանական խաղ ցուցադրել և կարողացավ վերականգել հաշվի հավասարությունը, այն դեպքում, երբ ընդմիջմանը պարտվում էր 1:4 հաշվով: 4-րդ գնդակը խփեց Սպետառուն: Խաղի ավելացված րոպեներին կրքերը բորբոքվեցին և մրցավարը խաղից հեռացրեց «Արարատ-Արմենիա»-ից Կոդջոնին: Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի` 4:4 և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: «Արարատ-Արմենիա»-ն կարմիր քարտից հետո մնաց 8 ֆուտբոլիստով, քանի որ վնասվածքի պատճառով հանդիպումը կշարունակեց Վակուլենկոն: Լրացուցիչ ժամանակի երկրորդ կեսում «Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստները խախտեցին խաղի կանոնները և նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Ազարովը,  սակայն  «Արարատ-Արմենիա»-ից հաշիվը կարողացավ հավասարեցնել Օտուբանջոն: Ի վերջո, խաղի ելքը որոշվեց հետխաղյա 11մետրանոց հարվածների շնորհիվ, որտեղ առավել դիպուկ էին «Նոա»-ի ֆուտբոլիստները: Հանդիպմանը տրիբունայից հետևում էր Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր