00:00:00

Դադարեցնել ՍԴ նախագահի և 12 տարուց ավելի աշխատած ՍԴ անդամների պաշտոնավարումը. նախագիծը պատրաստ է

18:35, 19 հունիս 2020 Իրավական

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ավելի քան 5 տասնյակ պատգամավորների կողմից շրջանառության մեջ է դրվել ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծ: Նախագիծը նախատեսում է, որ դադարեն այն ՍԴ անդամների լիազորությունները, որոնք պաշտոնավարել են 12 տարուց ավելի եւ նրանց փոխարեն նշանակվեն ՍԴ նոր անդամներ: Առաջարկվում է հետեւյալ փոփոխությունը. Հոդված 1. 1995 թվականի հուլիսի 5-ի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության` 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով, 213-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Հոդված 213. Սահմանադրական դատարանի անդամների (դատավորների) եւ նախագահի պաշտոնավարումը Մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված եւ Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում ընդհանուր տեւողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունների ժամկետը համարվում է ավարտված եւ պաշտոնավարումը դադարում է: 2. Մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի անդամը, ում պաշտոնավարումը չի դադարում սույն հոդվածի 1-ին մասի ուժով, շարունակում է պաշտոնավարել որպես Սահմանադրական դատարանի դատավոր մինչեւ այդ պաշտոնում նրա պաշտոնավարման 12 տարին լրանալը` հաշվի առնելով նաեւ մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը որպես Սահմանադրական դատարանի անդամ պաշտոնավարած ժամկետը: 3. Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Կառավարությունը, Հանրապետության նախագահը եւ դատավորների ընդհանուր ժողովը: Սույն հոդվածի 1-ին մասի հիմքով առաջացած` Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղերի համար առաջադրումները կատարվում են թափուր տեղն առաջանալուց հետո` մեկամսյա ժամկետում: 4. Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնավարումը դադարում է: Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո Սահմանադրական դատարանի նախագահն ընտրվում է Սահմանադրության 166-րդ հոդվածով սահմանված կարգով, որն իրականացվում է Սահմանադրական դատարանի դատավորների` սույն հոդվածի 1-ին մասի հիմքով առաջացած թափուր տեղերը համալրելուց հետո: Նշենք, որ այս նախագծի ընդունման պարագայում դադարելու են ՍԴ անդամներ Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի եւ Հրանտ Նազարյանի լիազորությունները: Հիմնավորման մեջ ասվում է, որ խոսքը վերաբերում է ընդհանուր առմամբ 12 տարի պաշտոնավարելուն՝ կապ չունի անընդմեջ է եղել, թե ոչ: Եվ այս պարագայում իր պաշտոնին հրաժեշտ կտա նաեւ Ալվինա Գյուլումյանը, հակառակ պարագայում, այն կազդեր միայն Նազարյանի եւ Թոխյանի վրա: Այս փոփոխության պարագայում Հրայր Թովմասյանը կմնա ՍԴ շարքային անդամ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր