00:00:00

Թրամփի վերջնագիրը ԱՀԿ-ին. պատասխան տալու ժամանակը

16:33, 19 մայիս 2020 Աշխարհ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոշտ վերջնագիր է ներկայացրել Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը: Այդ կառույցի սկանդալային ղեկավար Թեդրոս Հեբրեյեսուսին Թրամփը հայտնել է, որ տալիս է 30 օր ժամանակ, որպեսզի ԱՀԿ-ն ապացուցի, որ կախված չէ Չինաստանից: Հայտնի է, որ թե Թրամփը, թե Նահանգների այլ բարձրաստիճան պաշտոնյաներ հայտարարել են կորոնավիրուսի հարցում ԱՀԿ-Չինաստան գործարքի կասկածի մասին, որով աշխարհից թաքցվել է Չինաստանում բռնկված վարակի վերաբերյալ կարեւոր տեղեկություն, ինչը հասցրել է համաշխարհային կոլապսի: Եթե 30 օրերի ընթացքում, ըստ Թրամփի, ԱՀԿ-ն էական քայլեր չանի իրավիճակի կարգավորման ուղղությամբ, ԱՄՆ ընդհանրապես կդադարեցնի այդ կառույցի ֆինանսավորումն ու նաեւ կվերանայի իր անդամակցումը դրան: 2019 թվականին ԱՄՆ մոտ 400 միլիոն դոլար է հատկացրել ԱՀԿ-ին, ինչը դրա տարեկան բյուջեի մոտ 15 տոկոսն է: Իհարկե նկատելի է, որ ԱՄՆ նախագահ Թրամփը իրավիճակը փորձում է առավելագույնս օգտագործել քաղաքական առումով նախընտրական գործընթացում իր օգտին շրջելու համար: Միեւնույն ժամանակ, տարեկան միլիարդավոր դոլարների բյուջե ունեցող համաշխարհային կազմակերպությունը վճռորոշ պահին տապալել է իր առաքելությունը, առաջացնելով պարզ հարց՝ ինչի՞ համար են աշխարհի երկրները վճարել այդ կառույցին հսկայական փողեր: Փաստացի ստացվում է, որ ընդամենը հերթական համաշխարհային բյուրոկրատական ցանցի համար: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի վարակի առնչությամբ էական ահազանգեր է սկսել Չինաստանի Ուհանում վարակի բռնկումից մոտ երկու ամիս անց, երբ այդ ընթացքում շարունակվել է Չինաստան-աշխարհ ամբողջ թափով հաղորդակցությունը: Ներկայում հարցն այն է, թե արդյոք տեղի է ունեցել հանցավոր անփութություն, թե հանցավոր դիտավորություն: Այն, որ տեղի ունեցածը որեւէ դեպքում հանցավոր է, արդեն վեր է կասկածից: Ընդ որում, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը շարունակում է կորոնավիրուսի վերաբերյալ հակասական հայտարարությունների շղթան: Կազմակերպությունն օրինակ նախօրեին արձանագրել էր, թե չկա հայտնի որեւէ դեպք, որ վարակ է արձանագրվել որեւէ մակերեսի հետ շփման արդյունքում: Ասել կուզի, չկա դեպք, որ վարակը փոխանցվում է մակերեսների միջոցով: Դա այն դեպքում, երբ ամիսներ շարունակ մարդիկ ահաբեկվել են վարակի ընդհուպ այդօրինակ փոխանցման տարբերակով: Օրեր առաջ էլ ԱՀԿ հոգեկան առողջության դեպարտամենտի ղեկավարը հայտարարում էր, որ աշխարհում բավական լուրջ է դառնալու մարդկանց հոգեկան առողջության խնդիրը՝ համավարակի միջավայրի հետեւանքով: Այլ կերպ ասած, խոսքը նույնիսկ ոչ այնքան պանդեմիայի, որքան ինֆոդեմիայի ծանր հետեւանքի մասին է: Եվ այդ հայտարարությունը հնչում էր այն պարագայում, երբ ԱՀԿ մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա հայտարարում էր, որ վարակը երբեք չի վերանա: Այն, որ չի վերանա եւ մարդկությունը պարզապես կադապտացվի դրան, իհարկե մասնագիտական գնահատական է, ամբողջ հարցն այն է սակայն, թե երբ եւ ինչպես, ինչ շեշտադրումներով է մատուցվում այդ «մասնագիտականը»: Որովհետեւ դրանից է կախված՝ մասնագիտականը հանդարտեցնո՞ւմ է հանրային էմոցիաները, թե ավելի բորբոքում եւ մարդկանց դարձնում ավելի խոցելի: Հնարավոր է, որ ԱՀԿ-ում զգում են պատասխանատվության մոտալուտ վտանգը եւ ըստ այդմ կազմակերպությունում կա ներքին պայքար, հետագա հավաքական հանցավորության մեղադրանքներից խուսափելու համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր