ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձ չարեց բացատրելու, կամ պարզաբանելու, թե ինչ էր այդ ամբողջ պատմությունը կապված ծխախոտի կամ ադամանդի արտահանման հետ: Այս մասին ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում հայտնում է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։ «Նիկոլ Փաշինյանը նույնիսկ փորձ չարեց բացատրելու, կամ պարզաբանելու, թե ինչ էր այդ ամբողջ պատմությունը կապված ծխախոտի կամ ադամանդի արտահանման հետ: Փորձ չարվեց նույնիսկ ֆիկտիվ, ձևական քրեական գործ հարուցել, որովհետև պարզվում է, որ ծխախոտային բիզնեսը արդեն տևում է երկու տարի: Մոտավարապես երկու տարի Հայաստանը մաս է կազմում միջազգային մաֆիոզ համակարգի, որտեղից գոյանում են խայտառակ մեծ գումարներ, որոնք ընկնում են ուղիղ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան բյուջեն»,-ասաց Մինասյանը։ Նա նկատել է, որ նույնիսկ փորձ չի արվել ձևական հանձնաժողով ստեղծել, որը կփորձեր հանրությանը պարզաբանել, թե ինչպես էր հնարավոր Հայաստանում երեք ամսում կազմակերպել առանց համապատասխան գործարանների, աշխատատեղերի 20 միլիարդ դրամի ադամանդի մշակում և արտահանում:
Միքայել Մինասյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ նույնիսկ չկարողացավ հերքել այդ ծխախոտի սկանդալի հարցը և բառախաղ արեց` ասելով որ խնդիր կա, բայց Հայաստանի մաքսային ծառայությունը գործել է ըստ օրենքի: Մինասյանն ասաց, որ անձամբ Նիկոլ Փաշինյանն է ներգրաված այս ամենում։ «Մայիսի իննին Հայաստանից մեկնել է մի նոր ինքնաթիռ` լի մաքսանենգ ծխախոտով երևանից` Վարոնեժ, ուր վայրէջք է կատարել մոտավորապես ժամ 20-ին, որում եղել է 18 տոննա 831 կիլոգրամ ծխախոտ», - ասաց Միքայել Մինասյանը՝ նշելով, որ այն ձևակերպված է եղել` որպես товары народного потребления:
Միքայել Մինասյանը նաև նշեց, որ Հայաստանում հատուկ դրության ժամանակ բոլոր ինքնաթիռները, որոնք վայրէջք են կատարում և մեկնում են՝ պետք է ունենան ՀՀ կառավարության թույլտվությունը:
«Երբ օդանավը վայրէջք է կատարում, ոստիկանները զննում են և տեսնում են, որ դա ծխախոտ է ` առանց ռուսական ակցիզի, և քանի որ փաստորեն կեղծ փաստաթղթեր են, սկսվում է քրեական գործ, ամբողջ ծավալը մտցնում են հատուկ ռեժիմի մեջ և սկսում են հետաքննել»,-ասաց նա:
Եզրափակելով Միքայել Մինասյանն ասաց, որ Հայաստանն ունի խնդիր եւ այդ խնդրի անունը Նիկոլ Փաշինյան է։ «Որպեսզի հիվանդությունը ճիշտ բուժես, պետք է ժամանակին ճիշտ ախտորոշես։ Իսկ ախտորոշումը մեզ համար արդեն իսկ փաստ է, մեր երկրի պրոբլեմը Նիկոլ Փաշինյանն է։ Նիկոլ Փաշինյան՝ մարդ, ով զբաղված է ստելով, եւ սեփական գրպանները լցնելով , դարձել է մեր երկրի համար մեկ պրոբլեմը, մենք գիտենք արդեն ով է մեր երկրի հավաքական հիվանդը, և այդ հիվանդին հեռացնելով, մենք սկսելու ենք ճանապարհ, որը հասցնելու է մեր երկիրը դեպի բարեկեցիկ ապագա։ Ես դրան հավատում եմ, եւ վստահ եմ միասին կարող ենք»,- եզրափակեց Մինասյանը։