168.am-ը գրում է.
Մոտ երկու շաբաթ առաջ մամուլում տեղեկություն տարածվեց առ այն, որ ոստիկանության աշխատակիցները խուզարկություններ են կատարել Կապանի և Քաջարանի համայնքապետերի՝ Գևորգ Փարսյանի և Մանվել Փարմազյանի տներում։ Խոսակցություններ կային նաև Տաթև համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանի տան խուզարկության մասին։
Ընդամենն օրեր անց մամուլում տեղեկություն տարածվեց, որ քրեական գործ է նախապատրաստվում Գորիս Համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի նկատմամբ։ Ավելորդ չէ նշել, որ դրանից առաջ էլ Սյունիքի մեկ այլ համայնքի՝ Սիսիանի, ղեկավար Արթուր Սարգսյանը, ըստ մամուլի տեղեկությունների՝ խնդիրներ էր ունեցել նույն համայնքի նորանշանակ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատրի հետ և իշխանամետ ուժերը շտապել էին մեղադրել դրանում համայնքապետին։
Մեր տեղեկություններով, օրերս սկսվելու է համայնքապետերին կալանավորելու գործընթացը, քանի որ իջեցվել է հստակ հրահանգ։ Ակնհայտ է, որ այս ամենը չի կարող լինել զուտ պատահականություն՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկա իշխանությունը Սյունիքի մարզում ունի բավականին ցածր վարկանիշ, ինչի մասին վկայում է այդ թվում մարզկենտրոն Կապանում իրենց թեկնածուի պարտությունը համայնքապետարանի ընտրություններում։
Ներկա իշխանություններն, ըստ երևույթին, հասկանում են, որ իրենց համատարած գահավիժող վարկանիշի պարագայում չափազանց վտանգավոր է ունենալ ընդդիմադիր Սյունիք և ըստ երևույթի փորձում են ուժային լուծում տալ այս խնդրին։