Արտաշատի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Հարություն Պետրոսյանի, այսօր՝ մայիսի 15-ին, շարունակվող անցած տարվա հուլիսի 6-ին, Արարատի մարզի Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարի գործով դատական նիստին հարցաքննվեց գործով վկա 16-ամյա Արսեն Միքայելյանը։
Նա ասաց, որ հարվածի պահը ինքը չի տեսել, քանի որ հեռախոսով է զբաղված եղել. «Ընկերոջս հետ իրար օգնելով դուրս եկանք՝ մի անծանոթ մարդ ինձ տեսավ ու տարավ հիվանդանոց։ Ես գնում էի դեպի Սուրենավան։ Ես վարորդի կողքն եմ նստած եղել։ Վթարի հետեւանքով կոտրվել էր ձեռքս, երկաթը մտել էր ոտքս, հարվածի պահին կորցրել եմ գիտակցությունս»։
Գործով վկան մնացած հարցերին պատասխանում էր, որ չի հիշում։ Նա հուզվեց եւ դատարանը մի քանի րոպե ընդմիջում հայտարարեց, որից հետո վկան կրկին չէր հիշում մանրամասները։ Տղայի հայրն ասաց, որ հարվածից հետո նա հոգեբանական սթրես է տարել։
Ողբերգական ավտովթարի մասնակից «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Սողոմոն Հակոբյանը գործով ամբաստանյալն է, որը կալանավորված է։
Հիշեցնենք, որ 2019 թվականի հուլիսի 6-ին՝ժամը 15:00-ի սահմաններում, Արարատ քաղաքի Զոդի կամրջի վրա, միմյանց են բախվել «ԳԱԶԵԼ», «Տոյոտա Հիլուքս» եւ «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաները, որի արդյունքում հրդեհ է բռնկվել «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայում, այնուհետեւ հրդեհը տարածվել է «Տոյոտա Հիլուքս» մակնիշի եւ «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաներում:
«Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Սողոմոն Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 242-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ):
Ըստ մեղադրական եզրակացության՝ Սողոմոն Հակոբյանը խախտել է ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները եւ ճանապարհային երթեւեկության կանոնները, որն անուշադրությամբ առաջացրել է 7 մարդու մահ, եւ 4 մարդու առողջությանը պատճառվել է ծանրության եւ ծանր մարմնական վնասվածքներ։