Ինձ համար թերեւս սպասելի էր Սմբատ Գոգյանի հրաժարականը։ Այս մասին այսօր՝ մայիսի 14–ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը։
«Պարոն Գոգյանի հայտարարությունը ես այսպես եմ ընկալում, որ այն տեսլականը, որով ինքը եկել էր փոփոխություններ իրականացներ ԲՈԿ–ում չկարողացավ իրականացնել, իսկ ինչո՞ւ չկարողացավ, որովհետեւ օրինաչափ ձեւով հանդիպել է այն նույն խոչնդոտներին, որոնց կարող է հանդիպել ազնիվ եւ հեղափոխական նպատակներով ոլորտ եկած ցանկացած ինտելեկտուալ մարդ, իսկ այն որ պարոն Գոգյանը հիրավի ինտելեկտուալ մարդ էր, դրանում որեւէ կասկած չի կարող հարուցվել»,– ասաց պատգամավորը։
Նրա խոսքով՝ հրաժարականն ուղիղ կապ ունի ԿԳՄՍ նախարարության հետ. «Խնդիրները կապված են նախարարության ղեկավարի, որոշ փոխնախարարների հետ, որոնք ըստ էության նաեւ խոչնդոտ են հանդիսացել, որպեսզի պարոն Գոգյանը կարողանա իրականացնի իր քայլերը եւ այդ մտայնությունը տեսնում ենք նաեւ իր հայտարարության մեջ»։
Պատգամավորի կարծիքով՝ ազատման պատճառներից մեկն էլ ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի հետ կապված է. «Ե՛վ նախկին ե՛ւ ներկայիս. ըստ իս տեղի է ունեցել խտրական մոտեցում այս 2 անձանց միջեւ, մեկի դեպքում պահանջ է դրվել անմիջապես հրաժարականի, մինչդեռ երկրորդի գիտական աշխտանքում արտագրությունների արձանագրումից հետո, որեւէ առարկայական քայլ չի արվել։ Սա ինձ հիմք է տալիս մտածելու, որ նաեւ այս խնդիրների արձանագրումից հետո է նաեւ պարոն Գոգյանը որոշակի կաշկանդվածություն ունեցել իր պաշտոնավարումը շարունակելու մասով»։