«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Մայիսի 6-ին, գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանի առաջարկությամբ եւ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հրամանով, Արամ Կարախանյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ: «Ժողովուրդ» օրաթերթին այս նշանակման շուրջ մանրամասներ են հայտնի դարձել:
Պարզվում է` Արամ Կարախանյանի նշանակումը Գլխավոր հարկադիր կատարման ծառայությունում լավ չեն ընդունել, անգամ ծառայության աշխատակիցները գնահատական են հնչեցրել, թե ինչու են համակարգ բերում նախկին իշխանության կցորդներին:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին պաշտոնից ազատելուց հետո ԴԱՀԿ պետ նշանակվեց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը, իսկ Արամ Կարախանյանը եղել է Արմեն Հարությունյանի օգնականը: